Խաչատրյանի տաղանդի բազմանիստությունը, նրա ստեղծագործական, հասարակական, կատարողական և մանկավարժական գործունեության բազմակողմանիությունը հանրահայտ են: 1950թ.-ից սկսած նա կանգնեց նոտակալի առջև և ղեկավարեց իր ստեղծագործությունների կատարումները: «Դիրիժորի արվեստն ինձ համար գրավող մեծ ուժ ունի: Դեռ պատանեկան տարիներից հափշտակվել եմ կատարողականությամբ: Ավելի հափշտակիչ ի՞նչ կարող է լինել սեփական ստեղծագործություններն անձամբ «հնչյունավորելու» հնարավորությունից: Եվ վերջապես, ամենալայն լսարանի հետ հաղորդակցվելու ևս մի ձև է դա»: Խաչատրյանը մեծ նշանակություն էր տալիս հեղինակային համերգներին: Շատ ուժեր էր նվիրում մանկավարժական աշխատանքին: Նրա պատկերացմամբ՝ արվեստագետն անբաժան պիտի լինի հասարակությունից, ժողովրդից: Ապրել այն ամենով, ինչով ապրում է երկիրը՝ նրա անձնական մասնակցության զգացողության արտահայտություններից մեկն է սա: Խաչատրյանը արտակարգ վառ ու բազմակողմանի, իմպուլսիվ և դինամիկ անձնավորություն էր: Սակայն հաճախ նրան տեսնում էինք մտահոգ, տագնապած, աչքերը՝ տխուր: Քնքուշ էր լինում, նույնիսկ զգայուն ու հանկարծ զայրացած, երբ հանդիպում էր անտարբերության, քաղքենիության, գոռոզամտության: Կրքոտ անհատականությունը զուգորդվում էր սթափ, սուր խելքին, նուրբ ինտելեկտին, տրամաբանվածությանը: Նրա ստեղծագործությունների մեջ յուրաքանչյուր մանրամասն, հարմոնիկ կամ նվագախմբային յուրաքանչյուր էֆեկտ ծառայում է հղացման բացահայտմանը:
Խաչատրյանի մարդամոտությունը զուգորդվում էր ինքնախորասուզմանը: Նրան հատուկ էր սեփական արժանապատվության և հպարտության զգացումը: Գնահատում էր մարդու, բնության, արվեստի գեղեցկությունը, սիրում էր պոեզիա, գեղանկարչություն, ճարատարապետություն: Նա խոնարհվում էր կնոջ գեղեկության առաջ, բանաստեղծականացնում կնոջը և նրան ծնած զգացմունքները:
Բ. Ասաֆևը Խաչատրյանին անվանել է «մեր երաժշտության Ռուբենս»՝ կամենալով ընդգծել կենսական անսպառ ուժը, զգացմունքների լիարյունությունը, որոնցով տոգորված էր կոմպոզիտորի ստեղծագործությունը:
Խաչատրյանը սիրում էր լինել հարազատ Հայաստանում, ուր շատ ընկերներ, ազգականներ, գործըներներ, աշակերտներ ուներ, իր տաղանդի ջերմ երկրպագուներ: «Ես չեմ պատկերացնում արվեստագետի ստեղծագործություն երկրի, հարազատ ժողովրդի կյանքի, նրա ճակատագրի, շահերի հետ արյունակցական կապերից դուրս, բազմագույն և բազմահնչյուն իրականությունից կտրված արվեստ չեմ պատկերացնում,_ ասում էր նա:_ Այլապես դա մեռած է, վերացական, կորցնում է արվեստի կարևորագույն առաքելությունը՝ արտացոլել ու ճանաչել կյանքը գեղարվեստական պատկերներով, «կրակ հանել մարդկանց սրտերից», հաստատել այն գաղափարները, հանուն որոնց մենք ապրում ենք»:
(Գ. Տիգրանյան, «Արամ Խաչատրյան» գրքից)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել