Երեկ կրկին հողին հանձնում էինք թշնամու գնդակից զոհված զինվորների, ու հուղարկավորությանը ներկա էին անձամբ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականներ:

Սակայն ուզում եմ խնդիրը քննարկել մեկ այլ հարթությունում:

Մենք ամեն անգամ շատ էմոցիոնալ արձագանքում ենք մեր ամեն մի զոհված զինվորի մահվան գույժի դեպքում, ու դա ճիշտ է ու դա պետք է: Սակայն միշտ չէ ու բոլորը չէ, որ մեր մարդիկ գիտակցում են մի քանի պարզ իրողություն՝

- Պատերազմը երբեք չի ավարտվել, այն անգամ չի դադարել: Ուղղակի ավելի ակտիվ ֆազայից անցել է ավելի պասիֆ ֆազայի: Խնդրում եմ, եկեք բոլորս հստակ հասկանանք, որ մենք թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե պատերազմի մեջ գտնվող պետություն ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

- Զինվորի համար սրտացավ ու պատասխանատու ենք բոլորս, ոչ միայն ՊՆ-ն, հետևաբար խիստ ցանկալի է, որ հնարավորինս շատ գիտակից մարդ միշտ լինի մեր զինվորի կողքին: Լինի ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթում, այլ հարկ եղած դեպքում՝ ֆիզիկական ներկայությամբ զորակցի զինվորին: Ընդ որում, այդ ֆիզիկական ներկայությունը պետք է լինի թե ուրախալի առիթներով, թե դժբախտությունների համար: Ոնց գնում ենք, օրինակ, զորահանդեսների, նույն կերպ էլ մեր ուշադրությամբ պետք է պատվենք ու հարգանքի տուրք մատուցենք վիրավորված ու, ինչո՞ւ ոչ, նաև զոհված տղաներին:

- Անկախության տարիներին մենք շատ սխալներ ենք արել, մեզ հետ հաճախ անարդար են վարվել ու մենք ենք վարվել, շատ կորուստներ ենք ունեցել, բայց կա մի հատ ձեռքբերում ու չի կարող լինել երկրորդ կարծիք, որ Հայկական բանակի ստեղծումն ու կայացումը, թերևս, ամենամեծ ու արժեքավոր ձեռքբերումն է: Այսօր մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորը ոչ միջազգային հանրությունն է, ոչ էլ տարբեր պայմանագրերն ու դաշինքները, այլ օրը 24 ժամ սահմանին խրամատների մեջ կանգնած ջահել երեխեքը:

- Բանակի հզորությունը ոչ այնքան կախված է սպառազինության քանակից ու որակից կամ զինվորների թվից, ինչքան բանակ-հասարակություն կապի հզորությունից: Յուրաքանչյուրս մեր մասով պետք է գիտակցենք, որ բանակը մեզ է պաշտպանում, իսկ մենք պետք է բանակը պաշտպանենք և, ի վերջո, բանակը նաև մենք ենք:

Հ.Գ. Բարի ծառայություն ծառայողներին, փառք՝ կյանքը տվածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել