Lurer.com-ը գրում է.

Известия պարբերականը ներկայացնում է 19-ամյա ուսանողուհի Նաստյա Կալիտենկոյի` երեկ գրված նամակն` ուղղված Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նամակում, աղջիկը, մասնավորապես, գրում է.

«Հարգելի′ պարոն Պորոշենկո,

Պյոտր Ալեքսեևիչ, վաղը Ձեզ համար շատ կարևոր և վճռական օր է` դուք կդառնաք Ուկրաինայի նախագահ և տեղի կունենա Ձեր երդմնակալության արարողությունը, որը կդառնա Ուկրաինայի համար պատմական իրադարձություն: Բայց ես գրում եմ Ձեզ ոչ թե որպես նախագահ, այլ որպես մարդ, ով չորս երեխայի հայր է, որոնցից երեքն ինձանից փոքր են: Աստված թող ձեր ընտանիքին առողջություն և ուժ տա:

Մենք անձամբ չենք ճանաչում միմյանց, ես չեմ կարող Ձեզ զանգահարել կամ նամակ ուղարկել: Իսկ ինձ համար շատ կարևոր է, որ Դուք կարդաք այն, քանի որ հնարավոր է, որ Դուք կփրկեք ինձ, եթե իհարկե ցանկանաք:

Իմ անունը Նաստյա Կալիտենկո է, ես 19 տարեկան եմ և ապրում եմ Օդեսայում: Ձեր երդմնակալության օրը, Իսրայելի Հադաս հիվանդանոցում հատուկ խորհրդակցություն անցնելու հետո, որտեղ ես բուժվում եմ արդեն հինգ ամիս, ինձ կասեն, թե ես քանի շաբաթվա հնարավորություն ունեմ` համարձակվելու իրականացնել ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում: Սա իմ միակ հնարավորությունն է փրկության համար, իմ վերջին հնարավորությունը: Դոնոր կլինի իմ կրտսեր եղբայրը՝ Դանիկը, ով չորս տարեկան է և նա արդեն այստեղ է՝ հիվանդանոցում, փորձում է զվարճացնել ինձ:

Բուժման համար բոլոր այլ մեթոդները բժիշկներն արդեն փորձել են, բայց ապարդյուն: Ծնողներս իմ բուժման համար ծախսել են 100.000 դոլար` այն ամենը, ինչ մենք ունեինք: Այո, ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր թե′ Ուկրաինայում, և թե′ Ռուսաստանում այդքան գումար ընդհանրապես չունեն, այնպես որ, ես երջանիկ եմ, որ դեռ կենդանի եմ: Օդեսայի բժիշկները՝ տեսնելով իմ հիվանդության անալիզները, հայտնեցին, որ ես այստեղ կմահանամ` անհրաժեշտ բժշկական միջոցները չունենալու պատճառով և ես մայրիկիս հետ անմիջապես մեկնեցի Իսրայել, որտեղ թեկուզ չնչին, սակայն ինչ-որ հնարավորություն իմ առողջանալու համար դեռ կա:

Ես գլխուղեղի քաղցկեղով հիվանդ եմ. սուր լեյկոզները չբուժելու դեպքում հանգեցնում են մահվան մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում:

Ես չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա, թե ինչ է դա...

Այս ընթացքում, ինչ ես բուժվում եմ, ես պահում եմ մի օրագիր, որտեղ նկարագրում եմ, թե ինչ է կատարվում ինձ հետ, և թե ինչպես եմ ես բուժվում: Դա իմ «Դատապարտված օրագիրն» է:

Օրագիրս այս շաբաթ հրապարակվեց Ռուսաստանում, և շատ մարդիկ կարդալով այն` անպատասխան չթողեցին: Նրանք ինձ համար գումարներ են փոխանցում: Արդեն հավաքվել է գրեթե 17.000 դոլար:

Չորս օրվա ընթացքում այս գումարն իրոք բավականին մեծ է, և ես շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ օգնել են նույնիսկ չնչին գումարով: Իմ ընտանիքի անունից շատ շնորհակալ եմ բոլոր ինձ օժանդակող մարդկանց:

Բայց ես ժամանակ չունեմ հավաքելու մնացած անհրաժեշտ գումարը, որովհետև հնարավոր է` չհասցնեմ, իսկ առանց 153.000 դոլարի` ինձ ոսկրածուծի փոխպատվաստում չեն անի:

Հարյուր երեսունվեց հազար դոլար:

Այն պետք է գտնել մի քանի շաբաթվա ընթացքում:

Ես չգիտեմ, թե ինչպես պետք է դա անել ...

Բայց ես դեռ հույս ունեմ և գրում եմ այս նամակը Ձեզ:

Գուցե սա շատ մեծամիտ քայլ է, այսպես ուղղակի վերցնել ու գրել: Բայց ես իսկապես չեմ ուզում մահանալ 19 տարեկանում:

Պյոտր Ալեքսեևիչ, Դուք հաջողակ գործարար եք, Ձեր կարողությունը միլիարդներ է գնահատվում: Ես գիտեմ, որ դուք ուղղափառ քրիստոնյա եք և օգնում եք վանքերին:

Աղաչում եմ Ձեզ, օգնե′ք ինձ:

Ձեզնից խնդրում եմ անհնարինը՝ նվիրեք ինձ կյանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել