Հնդիկ կնոջ արգանդից հեռացրել են բժշկության պատմության մեջ երբևէ գրանցված արգանդի ամենամեծ ուռուցքը, որի տրամագիծը կազմել է 54 սմ, իսկ քաշը` 14 կգ:
Չեննայ քաղաքի բժիշկները բարդ վիրահատություն են իրականացրել՝ 52-ամյա կնոջ արգանդից հեռացնելով ահռելի ուռուցքը: Կինը տարիներ շարունակ տառապել է ծանր շնչառությունից ու թուլությունից՝ առանց գաղափար անգամ ունենալու, որ իր ներսում հսկայական ուռուցք կա, որը շարունակում է աճել:

Մեկ ամիս առաջ 52-ամյա կինն արնահոսության պատճառով Չեննայի Կումարան հիվանդանոց է եկել: Բժիշկները նրա արգանդում ուռուցք են հայտնաբերում: Ինչպես բժիշկ Մանի Մեքալայն է հայտնում, բժիշկները շոկի մեջ էին հայտնվել՝ տեսնելով հսկայական ուռուցքը: Ավելի վաղ ամենամեծ ուռուցքը համարվում էր Աֆրիկայում կնոջ մոտ հայտնաբերված 9,5 կգ կշռող ուռուցքը:

Չափերը հաշվի առնելով՝ բժիշկները ենթադրում են, որ ուռուցքը կնոջ արգանդում գտնվել է ավելի քան 20 տարի: Վիրահատությունը չափազանց բարդ է եղել, քանի որ հսկայական ուռուցքը ճնշել է արգանդն ու աղիները, ու դրան կցված են եղել արյան բազմաթիվ անոթներ, որոնցից այն սնվել ու աճել է:




