«Գահերի խաղը» ստեղծվել է «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա: Վիպաշարի հեղինակը՝ գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը, պատրաստ է 20.000 դոլար նվիրատվության դիմաց սպանել իր երկրպագուներից մեկին, սակայն ոչ թե իրական կյանքում կամ էկրաններին, այլ իր հաջորդ վեպում: Նա առաջարկում է իր երկրպագուներին դառնալ իր վեպի հերոսներից մեկը, ով դատապարտված է մահվան: Մահվան մանրամասները կորոշի Մարտինը, իսկ գումար նվիրաբերողը կորոշի, թե ինքն ինչ տիտղոս կունենա վեպում: Առաջարկվող տիտղոսներից են լորդը, ասպետը, սեպտոնը (մտացածին տիտղոս) և այլն:

Թեպետ Մարտինը բավականին կլորիկ գումար է պահանջում, նա այդ գումարը պատրաստվում է բարեգործական նպատակների ուղղել: Հավաքված ողջ գումարը կուղղվի «Wild Spirit» գայլերի արգելոցին, որտեղ բնակվում է ավելի քան 60 գայլ և շնագայլ, և Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆե քաղաքի Սննդի դեպոյին: Հեղինակը բազում այլ փոքրիկ պարգևներ է առաջարկում ավելի փոքրիկ նվիրատվությունների համար, այդ թվում՝ շապիկներ և Վեստերոսի քարտեզներ, որոնց վրա դրված է իր ստորագրությունը:
Մարտինը համացանցում գրել է գայլերի հանդեպ տածած իր սիրո մասին.
Ես միշտ սիրել եմ գայլերին՝ Վեստերոսի գայլերին ու իրական կյանքի գայլերին: 20-րդ դարում Ամերիկայի գայլերի թիվը կտրուկ նվազեց: Բնապահպանական շարժման կարևոր բաղկացուցիչներից մեկն է մարդկանց և այս հրաշալի արարածների համագոյակցության ձև գտնելը:
Հունիսի 6-ի դրությամբ նվազագույնը 4000 մարդ ցանկություն է հայտնել դառնալու «Սառույցի և կրակի երգ» գրքի այն հերոսը, ում վիճակված է սպանվել վեպում: Այս մարդկանցից մեկը՝ այսպես ասած «հաղթողը», ընտրվելու է պատահականության սկզբունքով: Այնուհետև ընտրված մասնակիցը նվիրաբերելու է պահանջվող գումարը ու դառնալու է վեպի հերոսներից մեկը:



