Մի անգամ ևս կկրկնեմ, որ խոսքի ազատություն չի նշանակում, որ մարդու խելքին ինչ փչի, պետք է բարձրաձայնի: Մեր շատ լրագրողներ հենց այդպես էլ հասկանում են խոսքի ազատությունը, բայց կուզեմ խոսել ոչ թե անհատներին զրպարտողների, կամ օդից վերցրած ինֆորմացիա տվողների մասին, այլ սահմանում գրանցվող միջադեպերի մասին լուսաբանելիս խուճապային տրամադրություններ առաջացնողների մասին: Եթե մարդ ֆեյսբուքով ապրի և իրականությունից կտրված լինի, այս օրերին կստանա տպավորություն, որ Հայաստանում խուճապ է, և բոլորը վախը սրտներում ուղեբեռ են հավաքում, որ փախչեն Հայաստանից: Իրականությունը այլ է. մարդկանց մեծամասնությունը նորմալ վարք է դրսևորում և խուճապի մեջ չէ հաստատ: Տարիներ առաջ ևս այսպիսի ցավալի միջադեպեր էին տեղի ունենում սահմանում, բայց ինֆորմացիայի հոսքի սակավ լինելու պատճառով մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէր էլ լինում, բայց հիմա բաց է ինֆորմացիան, և ով չի ալարում, սկսում է սահմանում իրավիճակը ներկայացնել ողբերգական երանգներով: Տպավորություն է ստեղծվում ոմանց նյութերից, որ ահա սահմանին թուրքը անարգել դիվերսիաներ է իրականացնում, իսկ մեր բանակը անզոր է: Հարգելիներս, եթե ժամանակին սրանից վատ էր վիճակը, իսկ դուք տեղյակ չէիք, դա չի նշանակում, որ հիմա վիճակը ավելի վատ է, իսկ ՊՆ-ն՝ անզոր: Եթե ՊՆ-ն անզոր լիներ, դուք հիմա ոչ թե համակարգչի առաջ խուճապ առաջացնող ստատուսներ և հոդվածներ կգրեիք, այլ՝ մորթված կլինեիք տան մուտքի մոտ: Պետությունը պետք է մտցնի գրաքննություն այս հարցերի շուրջ: Այո, ունեմ համարձակություն և ասում եմ, որ պետք է հստակ սահման մտցվի խոսքի ազատության և խոսքի ափռցփռության միջև, իսկ կեղծ լուրեր և խուճապ առաջացնող լուրեր տարածողները՝ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Աշխարհում դեմոկրատիայի և խոսքի ազատության առաջամարտիկ ԱՄՆ-ում եթե մեկը փորձի խուճապ ստեղծել, անհապաղ կբանտարկվի. մի եղեք ամերիկացուց ամերիկացի: Մի մոռացեք, որ մեր լրատվական և սոցիալական ցանցերին հետևում է նաև թշնամին, իսկ նրա մոտ նույնպես կարող է տպավորություն ստեղծվել , որ մեզ մոտ խուճապ է, և անցնի հարձակման: Ճիշտ է, առաջին օրերից էլ կզգա, որ հիմարություն է արել և սխալվել է, բայց պանդորայի արկղը բացված կլինի երկուսիս համար էլ:
Հ.Գ. Անկախ տարաբնույթ հոդվածներից՝ ՀԱՅ զինվորը անկոտրուն կանգնած է սահմանին, չի մտածում դասալքվելու մասին, իսկ ապացույցը անընդհատ հետ շպրտվող դիվերսիոն խմբերն են:



