Վաղը Գորիսում, ինչպես նաև ՀՀ 55 համայնքներում, տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ: Կոնկրետ Գորիսում՝ քաղաքապետ են ընտրելու:

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ի թեկնածու Վաչագան Ադոնցը, ում սատարում է նաև նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, և անկուսակցական Հրայր Յոլյանը: Վերջինիս սատարում է քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանը՝ Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայրը: Երեկ Արա Բուդաղյանը հայտարարություն է տարածել, որով իր կողմնակիցներին կոչ է արել իրենց ձայնը տալ Յոլյանին: 

Վերջինս երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով նախընտրական մթնոլորտի մասին, ասել է. «Մթնոլորտը նորմալ է: Քաղաքացիների տրամադրվածությունը ընտրությունը ցույց կտա, բայց մի քիչ վախեցած են երևի: Վախենում են կարծիքը հրապարակային արտահայտելուց»: 

Ըստ նրա՝ ընտրությունները Գորիսում բնակչության մեջ հետաքրքրություն են առաջացրել. «Էնպես չէ, որ չի հետաքրքրում, ես իմ քարոզարշավների ժամանակ էլ, անպայման, ասել եմ, որ գնան տեղամասեր, քվեարկեն ու դրա տերը լինեն»: 

Խոսելով Բուդաղյանի՝ իրեն սատարելու որոշման մասին, նա ասել է. «Ինչքանով որ կօգնի: Ընտրությունները կվերջանան կտեսնենք, թե ինչքանով օգնեց»: 

Հարցին, թե կեղծիքների դեպքեր արդեն գրանցվե՞լ են, Յոլյանը պատասխանել է. «Լսել եմ ընտրակաշառքի դեպքեր, բայց ես անձամբ չեմ տեսել: Խոսում են այդ մասին, ես ուշադրություն չեմ դարձրել, որովհետև ես իմ ընտրական պրոցեսն եմ ձևավորում ու չեմ նկատել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել