Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային փիլիսոփայության  գրական լավագույն էջերը իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել  այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի արժանացում...

Ինչ էլ անես, միևնույն է, մահը քո ստվերն է, ինչ էլ անես, միևնույն է, կյանքի անցյալ ամեն մի վայրկյանը ևս մեկ վայրկյանով քեզ ու ինձ մոտեցնում է մահվանը:
-Բայց...
-Էլ ի՞նչ «բայց». մահը «բայցեր», տարատեսակներ, պայմանականություններ չի ճանաչում, մահը մահ է... - կասի նա, ով ամեն մի ակնթարթն ապրում է այնպես, կարծես այն իր կյանքի առաջին ակնթարթն է:
Իմաստուն մարդիկ, սակայն, խորհուրդ էին տալիս կյանքի ընթացքում երբեք բաց չթողնել այն միտքը, որ գուցե ապրում ես վերջին րոպեներդ. «Հիշի՛ր մահվանդ մասին և երբեք մեղք չես գործի»: Քրիստոս ասում էր, որ մահն էլ տեսակներ ունի` մարմնավոր (ֆիզիկական, կենսաբանական) մահ, հոգու (հոգևոր) մահ, բարոյական մահ...
Այսօր մեկ այլ մահ էլ եմ զգում, բայց մի տեսակ բառեր չեմ գտնում այն բնութագրելու համար: Գիտե՞ս ինչպիսի մահ է. այն մահից, որ ունենում է թրթուրը կամ հարսնյակը թիթեռ դառնալուց առաջ, կամ, օրինակ` այն մահից, որով «զոհաբերում» են շախմատային զինվորին` թագուհու վերածելու համար, մի տեսակ հեղափոխական մահ, որի մասին առաքյալը գրում է. «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդունիր նախկին կենցաղով, այն, որ ապականված է
 խաբեպատիրցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը,
 որստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-24):
Հիմա... այս մահով պիտի մեռնեմ ես (կյանքիս լավ ու վատ դրվագներն անցնում են աչքիս առջևով. սովորաբար, ասում են, այդպես էլ լինում է մեռնելուց առաջ), պիտի մեռնեմ` Քրիստոսով այլ` «նոր»,«ճշմարիտ» ու «արդար» մարդ ծնվելու երազանքով, սպասումով, հույսով լինելու այնպիսին, ինչպիսին Քրիստոս Տերն է` հոգատար, բարի, աննախանձ ու զուսպ, խաղաղ, աղոթող, ներող ու սիրող, ամեն ինչ տվող ու ոչինչ ստացող, եսը մոռացած` ուրիշով ապրող...
Գժվել կարելի է... Աղոթի՜ր խնդրեմ... Աղոթի՛ր խնդրեմ ոչ թե մեռնողիս, այլև Բարձրյալի շնորհով ծնվողիս համար... 
Շնորհակալ եմ, Տե՛ր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել