Բարեւ: Ես էլ քեզ նման երիտասարդ եմ: Ուսանող եմ: Քեզ նման ունեմ կյանքի նպատակներ, երազանքներ, որոնք կփորձեմ իրականացնել: Ես էլ քեզ նման սիրում եմ զվարճանալ, սիրում եմ ընկերուհուս հետ հաճելի ժամանակ անցկացնել, սիրում եմ տարբեր տեսակի զվարճանքներ, ընկերային հաճելի հանդիպումներ, մի խոսքով բնական մարդ եմ քեզ նման: Սակայն իմ եւ քո մեջ մեկ տարբերություն կա: Ես Հայ եմ, բայց դու ոչ՛:
Չծիծաղես, լուրջ եմ ասում: Հայրդ կամ մայրդ հայկական անուն են կրում, ապրում ես Երեւանում կամ Մեղրիում, Շուշիում կամ Աշոցքում, քիչ թե շատ հայերեն ես խոսում, սակայն այդ բոլորը երկրորդական են, անիմաստ: Գիտե՞ս ինչու: Որովհետեւ ես Հայ կկոչեմ միայն նրան ով գիտե հայեցի ապրելու «արվեստը»: Հայ կանվանեմ նրան ով հետաքրքրված է հայկական հարցով ու կպայքարի նրա համար: Հայ չեմ ասում նրան, ով լավ Հայոց պատմություն է գլխում ամբարել եւ միայն դրանով սահմանափակվել: Հայ կկոչեմ նրան, ով գիտի մի կողմ դնել հաճույքն ու սեփական շահերը, հայության շահերի համար: Հայ կկոչեմ նրան, ով մի կողմ կդնի ակումբներն ու խաղատները, խրախճանքի համար նախատեսված վայրերը գնալը եւ կզբաղվի ազգային հիմնահարցերով: Հայ չեմ կոչում նրան, ով մի երկու գռոշի համար ուրանում է իր հավատքը անդամակցելով այս կամ այն օտար վարդապետություններին, կամ թե ազգային շահերի համար է պայքարում, բայց իրականում այս կամ այն պետության հատուկ ծառայությունների գործակալն է եւ նրանց շահերի դրոշակակիրը:
Ատում եմ այն հայերին, ովքեր ձեւացնում են թե Հայ են, բայց ներքուստ անազգ աշխարհաքաղաքացիներ են: 
Կներես հայրենակից, եթե վիրավորեցի, բնավ դա չէր իմ նպատակը: Ես Հայ եմ, եւ ցանկանում եմ քեզ էլ տեսնել որպես Հայ մարդ:

Հայ երիտասարդ

bnaban.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել