Lragir.am-ը գրում է.
Հայաստանում շինարարության ոլորտում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքների ծավալները կրճատվել են, փոխարենն աճել են վարկային միջոցներով իրականացված շինարարության ծավալները:
Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին պետբյուջեից շինարարությանն ուղղված միջոցները նվազել են 10.9 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 154.4 մլն դրամ: Միջազգային վարկային կազմակերպությունների կողմից նույն ժամանակահատվածում շինարարությանն ուղղված միջոցներն աճել են 66.6 անգամ՝ կազմելով 6 մլրդ 108.3 մլն դրամ: Այդ թվում՝ Համաշխարհային բանկից ոլորտին ուղղված միջոցները կրճատվել են 33.5 տոկոսվ, իսկ Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի վարկային միջոցներն ավելացել են 8.8 անգամ, Ասիական Զարգացման բանկի վարկային միջոցները՝ 3.4 անգամ, Գերմանիայի զարգացման բանկի վարկային միջոցները՝ 18.3 անգամ: Շինարարությանը հատկացված միջոցների մեծ մասը վերոնշյալ ժամանակահատվածում ուղղվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, տեղեկատվության և կապի, կրթության, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտներ:
Ընդհանուր առմամբ այս տարվա նշված ժամանակահատվածում Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրվել է 0.7 տոկոս աճ:



