Նորություն չեմ ասում, բայց մի անգամ էլ եմ ուզում շեշտել. իշխանափոխությունից հետո ռեժիմի բոլոր հանցանքները, այդ թվում՝ հանցագործություններ պարտակելը, դուրս է գալու ջրի երես, արժանանալու է համապատասխան վերաբերմունքի ու գնահատականի: Եվ եթե դա չարվի, ապա իշխանափոխության իմաստը մեծ հաշվով կհավասարվի զրոյի: Դա հասկանում եմ ոչ միայն ես ու ինձ նմանները, այլ հենց նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում ու խուսափում են պատասխանատվությունից, և նրանք, ովքեր պարտակում են այդ հանցագործությունները: Եվ դա է պատճառը, որ մեզանում շատ դժվար, ծայրահեղ դժվար է իշխանափոխություն իրականացնելը: Սակայն դա է միակ տարբերակը, եթե մենք ուզում ենք ապրել նորմալ և ոչ թե դեգրադացված հասարակությունում, որի ուղին որ բռնել է մեր հանրույթը: Եվ կամ մեկ մարդու նման լքել մեր հայրենիքը՝ այն նվիրելով թուրքին և անարգելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այդ հայրենիքին:



