Ինչպես երևում է, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմում օգտագործվող հիշողությունը մաքրող սարքը կարող է իրականություն դառնալ: Գիտնականներին հաջողվել է մաքրել գենետիկորեն մոդիֆիկացված առնետների հիշողությունը, այնուհետև լույսի ճառագայթի միջոցով վերականգնել կորցրած հիշողությունը:

Reuters / STR

Սան Դիեգոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետազոտող գիտնականների աշխատանքը հրապարակվել է «Nature» գիտական ամսագրում: Սա առաջին պատճառահետևանքային փաստն է, որն ապացուցում է, որ գլխուղեղի նեյրոնների միջև կապը ուժեղացնելով կամ թուլացնելով կարելի է ազդեցություն գործել որոշակի հիշողությունների վրա:

«Ցանկության դեպքում մենք կարող ենք հիշողություն ձևավորել, մաքրել և վերաակտիվացնել այն` ազդակներ ուղարկելով, որոնք ընտրողաբար ուժեղացնում կամ թուլացնում են նյարդային բջիջների միջև կապը»,-այս մասին նշել է համալսարանի նեյրոգիտության պրոֆեսոր, ավագ հետազոտող Ռոբերտո Մալինոուն:

Իրենց տեսությունը ապացուցելու համար գիտնականների թիմը փորձի համար օգտագործել է լույսի հանդեպ զգայուն գենետիկորեն մոդիֆիկացված առնետի, որի ուղեղի մի խումբ նյարդեր գրգռել են օպտիկական լազերների միջոցով: Միաժամանակ նրանք էլեկտրական ցնցում են ուղարկել կենդանու ոտքերին:

Շուտով առնետները սկսել են սովորել օպտիկական ստիմուլյացիայի ու ցավի միջև կապին, ինչի արդյունքում նրանց մոտ վախ է նկատվել ամեն անգամ, երբ նյարդերը ստիմուլյացիայի են ենթարկվել: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ ստիմուլյացիայի ենթարկվող նյարդային բջիջների կապի մեջ քիմիական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ցույց են տալիս, որ տեղի է ունենում հիշողության սինեպտիկ ամրացում:

Հաջորդ փուլում գիտնականները նույն նյարդերը ստիմուլյացիայի են ենթարկել այլ ճանապարհով` մաքրելով հիշողությունը՝ ցածր հաճախականության հաջորդականության օպտիկական ազդակներ ուղարկելով: Արդյունքում առնետները դադարել են վախով արձագանքել նյարդային խթաններին:

Հետազոտության ամենացնցող հայտնագործությունն այն էր, որ մաքրված հիշողությունը հնարավոր է վերականգնել կրկին բարձր հաճախականության ազդակների օգտագործման միջոցով:

Հետազոտության հեղինակներից մեկը` Սադեղ Նաբավին, ասել է. «Մենք կարող ենք ազդել կենդանու վրա այնպես, որ նա վախ ձեռք բերի, այնուհետև ազատվի այդ վախից և կրկին ձեռք բերի այն»:

Դեռևս չափազանց վաղ է այս տեխնոլոգիան մարդկանց վրա փորձարկել, այնուամենայնիվ գիտնականները հավատացած են, որ այն կարող է մեծ դեր խաղալ որոշ հիվանդությունների բուժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել