Հայրենական պատերազմի տարիներին սովորական երևույթ էր, երբ հասարակ մարդիկ ու տարբեր հասարակական միավորումներ իրենց անձնական միջոցները նվիրաբերում էին ԽՍՀՄ-ին, որպեսզի այդ միջոցների հաշվին հավելյալ զենք ու տեխնիկա կառուցվի մարտնչող զորքերի համար:
Մտածում եմ, ինչո՞ւ չենք վերականգնում այդ խիստ կարևոր ու օգտակար պրակտիկան: Ունենք բազմամիլիոնանոց ու ոչ ամենաաղքատ Սփյուռքը, ունենք բարերար անհատներ, որոնք ամեն տարի միլիոնավոր դոլարների նվիրաբերություն են անում տարբեր բուտաֆորիկ բաների համար: Թող ինձ ներեն իմ հավատացյալ ընկերները, բայց ինչների՞ս է պետք այսքան եկեղեցի, եթե մեր սահմանին թշնամու զորք կա:
Կարծում եմ, որ պետք է քարոզարշավ սկսել, որպեսզի Սփյուռքն ու տեղի հայությունը սկսի միջոցներ նվիրաբերել, որոնցով մեր բանակի համար ժամանակակից սպառազինության էլեմենտներ ձեռք կբերվեն. նորագույն զրահաբաճկոններ, գիշերային տեսողության սարքեր, հրազենի օպտիկական ու կալիմատորային համակարգեր և այլն:
Վերջին երկու տարվա հակառակորդի աննախադեպ ակտիվացումը, ի թիվս այլ բաների, ցույց տվեց, որ հնարավոր է մինիմիզացնել դիրքապահ զինվորների մարտական կորուստները, եթե բարձրացվի նրանց մարտական արդյունավետությունը՝ հատկապես գիշերային մարտի պայմաններում, ինչպես նաև բարելավվի անձնական պաշտպանական միջոցների որակն ու հագեցվածությունը զորքերում:
Սա ավելի քան իրատեսական է ու պետք չէ թերագնահատել այդ միջոցների իրական արդյունավետությունը: Վերցնենք նույն Աֆղանստանի օրինակը, որտեղ ամերիկյան զորքերը, որոնք հագեցած են նման միջոցներով, 13 տարվա մեջ տվել են ընդամենը 3 հազար զոհ, մինչդեռ ԽՍՀՄ-ը նույն ժամանակահատվածում նույն Աֆղանստանում տվել էր մոտ 15.000 զոհ:
Դե իսկ եկեղեցիներ կկառուցենք, երբ վերջնականապես հաղթենք հակառակորդին, եղածների մասին եկեք հոգ տանենք:



