Ի՜նչ հետաքրքիր վայր է, չգիտեի: Հիմա ամեն կիրակի եմ գնում՝ պարտադիր, բոլոր գործերը թողած, կարիք կա, թե չկա: Հարյուր մարդ, հարյուր պահվածք, բնավորություն՝ գումարիր պահի թելադրանքը, հոգեվիճակը:
Շատերին գիտեմ, շաբաթը մեկ տեսնում եմ. նույն գործին են՝ առուծախ, փոխանակում… Անծանոթ դեմքերը շուտ են ջոկվում: Ահա, ամուսիններ են՝ երեխայի հետ: Տղամարդը տարիքով մեծ է, ըստ իս, առնվազն տասը տարով: Թթված դեմք ունի՝ նրանցից, որ շաբաթը մեկ են սափրվում: Հավանաբար խոպանից նոր է եկել: Այնտեղ՝ ռուսաստաններում թե ինչեր է արել, ուղեղ չարչրելու հարկ չկա, կարևորը նոր իրավիճակին համապատասխան հոգեփոխությունն է, որ մարդաբան չլինելու դեպքում անգամ դժվար չէ նկատել, աչք է ծակում: Դեմքին, գնացքում, թևերը թափահարելու, բեղերի ու սանրվածքի, կոշկաթելերն ագուցելու մեջ իսկ գոհություն կա իրենից (տեսեք, ի՜նչ ընտանիք ունեմ):
Կինը կարճլիկ է, անմիտ կյանքից գիրության տված, հագուստ-կապուստը՝ անցած փուլ մոդայի: Երևի փողզուրկ տարիների երազանքն է իրագործել ու հիմա շերտավոր շրջազգեստում սեղմված պակասություններն առավելություն կարծելով՝ կես քայլ հետևում է ամուսնուն:
Սկզբում վանդակ առան՝ ամենաթանկը: Ձեռքն անփույթ գրպանը տանելը, թողի կապը հանելը գավառական ինքնուս դերասանի պարզունակ խաղ է հիշեցնում:
-Պահի,- հայրը վանդակը մեկնեց որդուն:
Նա հաստատապես ութ ամիս բացակայելուց հետո կնոջն է նույն ինքնագոհությամբ տոնավաճառ տարել՝ ընտրիր, ինչ ուզում ես: Դրանով գնել է կնոջը, ուղեղի հեռավոր ծալքերը մղել ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող՝ այլ տղամարդկանց տրվելու նրա անգիտակից ցանկությունը, մինչև հաջորդ գարուն: Ու կինն առել, տունը լցրել է գորգերով, պահարանները՝ բյուրեղապակյա սկահակներով, գավաթներով, որոնց միայն արժեքն է կարևորել ունևորվելուց հետո…
Այնուհետ նրանք թութակ գնեցին՝ միանգամից չորսը, և լողարան, ամենատարբեր կերեր: Բոլորովին պատահաբար բռնեցի հոր հետ շուկա եկած երկու այլ երեխայի հայացքը. ընկճված հետևում էին գնում կատարող ընտանիքին, որը նույն հանդիսավորությամբ ուղղվեց մուտքի կողմը՝ հայրը, փոքր ինչ հետ, կինը և երեխան՝ երկուսի միջև: Նրանց դրսում սպասում էր մեքենան, տանը՝ իմաստազուրկ, առերևույթ անհոգ կյանքը, օրերի անձուկ շղթան: Իսկ հոր հետ շուկա եկածները, որ սիրունիկ, ազնվադեմ աղջիկներ էին, հեռացան թութակ չգնած, մոլոր: Հայրը տանում էր դուստրերին մարդկանց միջով, ճամփա բացում նրանց համար: Փոքրիկները ստեպ-ստեպ հետ էին նայում: Նման պահերի հայրը կռանում, ինչ-որ բան էր բացատրում՝ մատնացույց անելով երկինքը, փողոցի ծառերը: Պիտի կարծել, ազատ կյանքի, արևի տակ բոլոր արարածների հավասար իրավունքների, չարի դեմ՝ բարու, նյութի դեմ՝ ոգու հաղթանակի մասին հերթական հեքիաթն էր հորինվում երկրի վրա՝ հրաշապատում հեքիաթը, առանց որի անհնար է այս մեղավոր, այս սխալաշատ աշխարհում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել