Բաց նամակ Վարդան Դևրիկյանին
Սովորաբար նամակները սկսում են հարգարժան պարոն կամ տիար արտահայտությամբ: Ցավոք, Ձեզ նման կերպ դիմել չեմ կարող և սույն նամակով կփորձեմ արտահայտել հիասթափությունս հայի` Ձեր տեսակի նկատմամբ:
Այսօր պատահաբար կարդացի Մարիաննա Բախդագուլյանի հարցազրույցը Ձեզ հետ, որ տեղակայված է newsbook.am կայքում:
Կարդացի ու «հիացա» ոչ միայն Ձեր մտքի գոհարների, այլև Ձեր գռեհիկության ու ինքնաբավ եսասիրության վրա:
Դուք խոստովանելով հանդերձ, որ պատմաբան չեք, հարկ եք համարել գնահատական տալ Անաստաս Միկոյանի գործունեությանը` միաժամանակ ոչ միայն քամահրանքով վերաբերվելով այլոց մոտեցումներին ու գնահատականներին, այլև անձանց, որ համակարծիք չեն Ձեզ հետ, անվանել եք տգետ....
Գուցե տգիտությունը հենց Ձեր ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությու՞նն է...
Եվ որո՞նք են ապազգային այդ կերպարի մեծ գործերը, որ հարկ չեք համարել թվարկել` միաժամանակ գովեստի խոսքեր շռայլելով նրա հասցեին, ասելով նաև, թե «Միկոյանը Հայաստանին օգուտից բացի, ուրիշ բան չի տվել»:
Գուցե Ձեր մտքի թռիչքով ու նույն տրամաբանությամբ ինքներդ վաղն առաջարկեք կանգնեցնել Պետրոս Գետադարձ ստահակի արձանը.... գուցե և առաջարկեք, չեմ զարմանա, քանզի գիտեմ, որ «Էջմիածին» ամսագրի խմբագիրն եք կամ եղել եք, երևի թե կղերականների շրջանում Ձեր խոսքն ազդու կլինի....
Ի դեպ, այդ նույն ստահակի կերպարն իր «Գոյամարտ» պատմավեպում բացահայտել է Ձեր հայրը` Գևորգ Դևրիկյանը:
Գուցե թե հարկ համարեք շրջանցել դա, անգամ թքել նրա վաստակի վրա, ինչպես որ թքում եք Միկոյան ստահակի պատճառով եղած հազարավոր զոհերի հիշատակի վրա, ու իսկապես նման առաջարկով հանդես գաք....
Դրանից միայն օգուտ կքաղեք... առնվազն կսիրաշահեք բարձրաստիճան հոգևորականներին, ինչու չէ` նաև Ձեր տեսակը սիրող ու հարգող շատ իշխանավորների...
Իմ խնդիրը չէ Ձեզ հայոց պատմություն ուսուցանել, մատնացույց անել Անաստաս Միկոյանի ոճիրները սեփական ժողովրդի հանդեպ, բայց այ, իրեն մտավորական համարող ոմն մեկի վիրավորական արտահայտությանն չանդրադառնալ չէի կարող:
Չնայած` իմաստուն խոսք կա` «Սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ անի...»: