Կարկուտը քանդել է Վերիշենի գյուղամիջյան ճանապարհներըAravot.am-ը գրում է.

Սյունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտից ու անձրեւից վնասվել են Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղի ներհամայնքային ճանապարհները: Գյուղապետ Արարատ Օրդյանի խոսքով` քանդվել է գյուղամիջյան 3 կմ ճանապարհահատվածը, որը վերականգնելու համար համայնքը ֆինանսական աջակցության կարիք է զգում:

«Անձրեւը ճանապարհների գրունտը մաքրել տարել է, պետք է հող ու ավազ կրենք-բերենք, նորից վերականգնենք ճանապարհը: Ինչպես միշտ համայնքի բյուջեի միջոցներով պետք է այդ աշխատանքներն անենք, ուղղակի վնասը մեծ է, տեսնենք գումարով օգնող կլինի՞…», -ասաց գյուղապետը եւ հավելեց, որ կարկուտից վնասվել են նաեւ գյուղի տնամերձ այգիները, խոտհարքները, բանջարաբոստանային կուլտուրաները:

Տեղում հանձնաժողով է ստեղծվել, կարկուտի հասցրած վնասների մասին կազմած ակտն էլ պատասխանատուները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան: Գյուղացիների խոսքով` տեղացած աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաեւ գյուղատնտեսությանը եւ նրանց զրկել եկամտի հիմնական աղբյուրից: Իսկ Վերիշենում բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել