Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։

ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

1) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ. 

3) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով։

Վերը նշված դեպքերում ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության պետական գրանցման պահից: 

Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:

 Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:

 Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։

Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝

1) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը. 

2) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց. 

3) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։

Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: 

Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման։

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով։ 

Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել