2015-ին ցեղասպանության 100-րդ տարելիցն ա, ու դատելով նախապատրաստություններից ու հանրային արձագանքից, եկող տարի ականատես ենք լինելու այն անփառունակ, անպատվաբեր, սխալական ու ժամանակավրեպ ամեն ինչի կուլմինացիային, որոնք կուտակվում էին 1991 թվականից ի վեր:
Մենք ցեղասպանության հիշատակը դարձրեցինք միջազգային մասշտաբների շոու: Մենք ցեղասպանության զոհերի հիշատակը թույլ տվեցինք դարձնել քաղաքական սպեկուլյացիաների գործիք: Մենք, վերջիվերջո, ցեղասպանությունը դարձրեցինք բրենդ, ու հիմա էլ ինքներս են դրած բրենդինգի լավագույն կանոններով մեր պատմության ամենասև էջի տարելիցին պատրաստվում՝ շեշտը դնելով մարքեթինգային լուծումների վրա:
Ինչ-որ խոսակցություններ հոլիվուդյան ֆիլմերի մասին, անմոռուկների լոգոներ, անոնսներ, համաշխարհային փիառ ղալմաղալ... ինչի՞, այ մարդ, ինչի՞: Մի՞թե ցեղասպանության զոհերը էս ցիգանությամբ պետք է հարգվեին:
Գիտե՞ք, անձամբ ինձ մեր հայ իրականության մեջ ամենաշատ նյարդայնացնող բաներից մեկը ցեղասպանության ֆետիշացումն է, ընդ որում, այդ ֆետիշացման երկու բևեռներն էլ. երբ, օրինակ, ասում են, որ 2015-ը ողբի տարի է, ու գլխավոր իրադարձությունը և այլն, և այլն, ինչպես նաև մյուս բևեռը, երբ ասում են, որ մենք պետք է միլիոններ ծախսենք, Սփյուռքը պետք է իր ներուժը գործադրի, Սպիլբերգը կինո նկարի, որ ողջ աշխարհը տենա ու խղճա մեզ/ճանաչի ցեղասպանությունը...
Ախպոր պես էլի, ախպոր պես: Երբ դուք գնում եք ձեր անցավորի գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու, ապա դրանից կառնավալ չեք սարքում, ռոլիկներ չեք նկարում, անգամ եթե այդ հարազատին սպանել են: Դա քրիստոնեավայել չէ, դա հայավայել չէ, ու ես դրա մեջ արժանապատվություն չեմ տեսնում, բայց հենց մոտենում ա ապրիլի 24-ը, մեր այդ չափորոշիչները մոռացվում են, ու սկսում ենք միջազգային պրոմոտուրը, սեմուշկեքով ու ջահերով երթերը, անեկդոտներով հագեցած զբոսանքը՝ դեպի ցեղասպանության թանգարան ու, բնականաբար, ֆեյսբուքում «Remember 1915» տիպի արնաշաղախ պրոֆիլի նկարների տեղադրումը:
Ի՞նչ եմ առաջարկում. թարգել համազգային սադոմազոխիզմի էս շարունակական սեանսը ու հետևություններ անել. համաշխարհային հանրությունը թքած ունի էս ամեն վրա, եթե դա չի կարելի օգտագործել քաղաքական ու աշխարհաքաղաքական շահարկումներում: Աշխարհը թքած կունենա նաև, եթե էլի ուզենան ցեղասպանել մեզ: Ճանաչումը մեզ բացարձակապես ՈՉԻՆՉ չի տալու, ու մենք էսօր ունենք շատ ավելի օրհասական մարտահրավերներ, քան Թուրքիայից «Ներող, տղերք ջան, միամիտ ստացվեց»-ի տիպի բան լսելը:
Ուզո՞ւմ եք իսկական ճանաչում, ուրեմն պետք ա պարտադրել այն, իսկ պարտադրելու համար պետք ա ուժեղ լինել, իսկ ուժեղ լինելու համար մի վագոն բան ա պետք անել, որոնց մեջ բնավ չեմ դասում անմոռուկներով ու խատուտիկներով լոգոներ մոգոնելը, դրոշներ վառելը, մեկ էլ դիվանի վրա նստած դիրքից Ստամբուլը արյան մեջ խեղդելու ամպագոռգոռ հայտարարությունները: Ավելի լավ ա շատ երեխաներ ունեցեք, բանակից մի խուսափեք ու տրանսֆորմացրեք փոքր ազգերին հատուկ կոմպլեքսները՝ դարձնելով դրանք առավելություն ու մոտիվացիոն գործոն:



