Panorama.am-ը գրում է.
Բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի համար լիցենզավորումն այսուհետ տալու է ոչ թե Առողջապահության, այլ Կրթության և գիտության նախարարությունը:
Կառավարության համապատասխան որոշման մեջ այս մասին փոփոխություն անելունախագիծ է ներկայացել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մեջբերելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն «Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:
Բժշկական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն իրենց կրթական գործունեությունը ծավալում են ոլորտը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով, իրականացնում են կրթական ծրագրեր` ապահովելով սովորողների ուսուցումն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան:
Որոշման նախագծում նաև նշվում է այս կարգավորման նպատակը և բնույթը: Ըստ այդմ. «Կառավարության որոշումների ընդունման նպատակն է կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով մասնագիտական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



