Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանում մեկամսյա գերությունից վերադարձված Արսեն Խոջոյանի ընտանիքը Վերին Կարմիր Աղբյուր գյուղում ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել. մի կողմից տարբեր վարկային կազմակերպություններից գումարներ վճարելու մասին պարբերաբար ստացվող նամակ-հիշեցումները, մյուս կողմից էլ յոթ երեխաներին կերակրելու անհրաժեշտությունը ծանր վիճակի առաջ են կանգնեցրել ծնողներին:
Արսենի հայրը հաշմանդամ է. զորամասերից մեկում տրակտորով աշխատելիս արկի վրա պայթել է, այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց հաշմանդամության թոշակ չի ստանում:
«Չգիտենք` ոնց դասավորենք»,- մեզ հետ զրույցում ասաց մայրը` Սվետլանա Խոջոյանը:
Խոջոյանների 7 երեխաներից չորսն անչափահաս են, Արսենը ավագն է, երկրորդ երեխան պայմանագրային զինծառայող է, բայց «չեն թողում պոստեր բարձրանա, փող համարյա չի ստանում», իսկ մյուս տղան հերթագրված է բանակ գնալու համար, սակայն առողջական որոշ խնդիրների պատճառով դեռ չի զորակոչվել:
«Վարկերը խեղդում են: Տունը քամին վերացրեց, շինարարական վարկ վերցրինք, ընկանք վարկերի տակ, հիմա մի աշխարհ վարկ ունենք` էլ կամուրջ, էլ նուռքարտ, էլ արեգակ: Ամեն անգամ նամակներ ենք ստանում, որ տոկոսները տանք, բայց չենք կարում լի»,- մեզ հետ զրույցում անօգնական վիճակը ներկայացրեց տիկին Սվետան:
Ապրուստի միակ միջոցը իր աշխատավարձն է. «Մեր ապրելու միջոցները որ տեսնես, լացդ կգա, աղջիկ ջան: Լավ չի էլի, վատ վիճակում ենք ապրում: Մեր գյուղապետի միջոցով մեր մշակույթի տանը տեխնիկակական աշխատող եմ, աշխատում եմ, 22 հազար դրամ եմ ստանում: Բայց դրանով ինչքա՞ն ու ո՞նց ապրես»:
Բազմազավակ մայրն ասաց, որ միայն վերջերս են կարողացել այնպես անել, որ նպաստ ստանան. «Նպաստն էլ վարչապետի շնորհիվ կարգավորվում ա, շուտով կստանանք, ինքնա հրաման տվել»:
Վարկերի հետ միասին ընտանիքին ծանր փաստի առաջ կանգնեցրեց Արսենի գերեվարությունը, որի արդյունքում նրա մոտ առաջացած առողջական խնդիրները վերացնելու համար ընտանիքը ստիպված է եղել վաճառել նույնիսկ «վերջին կովը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



