Lurer.com-ը գրում է.
Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին մայիսի 17-ին տեղի ունեցած փլվածքի հետևանքով դեռևս շարունակում է փակ մնալ Լարս ավտոճանապարհը: Հունիսի 3-ին` ժամը 10:30-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են:
Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով` հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր: Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել: Մայիսի 27-ին` ժամը14.43-ին, պարզվել է, փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որոնցից մեկի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից երկուսինը հայտնաբերել են անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնցմասին տեղեկություն դեռևս չկա:



