(Լուսանկար.՝ Լուսինե Զաքարյանը Լենինականի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի հետ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ պատարագից հետո: 1984թ.)
ԼՈԻՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
հուշ Գ
1980 թվականին, երբ ուսանում էի Երևանում, հայտարարվեց Լուսինե Զաքարյանի՝ ուսանողների համար տրվելիք համերգի մասին: Իհարկե, լսել էի Լուսինեին, սակայն ոչ կենդանի կատարմամբ, առավել ևս շփվելու առիթ չէի ունեցել: Եվ ահա, առաջին անգամ՝ 19 տարեկանում, բեմին տեսա Լուսինե Զաքարյանին. բեմ բարձրացավ մի անզուգական երևույթ, որն իր ձեռագրի հետագիծը թողեց իմ կյանքում: Մինչ նա երգում էր, ես համակ սիրով էի լցվում դեպի հոգևոր երաժշտությունը: Այդ իսկ պահից Լուսինե Զաքարյանը դարձավ հոգևոր երաժշտության իմ ուսուցիչը, այն դարբնոցը, որն ինձ կոփեց իբրև երգչուհի. նա ինձ փոխանցեց հոգևոր երգը մատուցելու մշակույթը:
Այդ օրը երգեց «Սուրբ-սուրբը», որ կարծես հնչում էր աստվածային թելադրանքով, «Յորժամը» և «Տէր, ողորմեան»:
Այդ օրը երգեց «Սուրբ-սուրբը», որ կարծես հնչում էր աստվածային թելադրանքով, «Յորժամը» և «Տէր, ողորմեան»:
Երկրորդ անգամ Լուսինեի կենդանի կատարումն ըմբոշխնելու բարեպատեհությունն ունեցա, երբ քեռակնոջս առաջարկով գնացինք ունկնդրելու Հարություն Փափազյանին. համերգի երկրորդ մասում ելույթ էր ունենալու աստվածային ձայնով երգչուհին: Երբ Լուսինեն բեմ բարձրացավ, տեսնել էր պետք, թե ինչպիսի խանդավառություն էր ապրում հանդիսատեսը: Նա, ով ուզում էր տիեզերական լիցքեր ստանալ, մաքրվել, խաղաղվել, պիտի լսեր Լուսինե Զաքարյանին...
Երկու տարի անց պատարագ էինք երգում: Վազգեն վեհափառը, որին ես միշտ համեմատում եմ ժողովրդի կյանքով ապրող Խրիմյան Հայրիկի հետ, տեղեկացրեց, որ ընթրիքի ժամանակ մեզ հյուրընկալվելու է նաև Լուսինե Զաքարյանը: Գիտեի, որ նա ու Խորեն Պալյանը ամենշաբաթյա շրջայցեր էին կազմակերպում Հայաստանի տարբեր եկեղեցիներ: Որքա՜ն երախտապարտ եմ, որ ճակատագիրը խաչաձևեց մեր ճանապարհները, և պատեհ առիթը կայացավ նրա հետ առնչվելու:
Պատարագի ավարտից հետո վեհափառն ինձ կանչեց՝ ընծաներ հանձնելու:
- Մի Լուսինե էլ Լենինականում ունենք,- ասաց նա:- Կուզենայի՞ր Մայր Աթոռում երգել:
Ստիպված էի հրաժարվել, քանի որ ծնողներս Գյումրիում էին ապրում: Լուսինեն ևս շնորհավորեց: Շնորհակալություն հայտնեցի, միաժամանակ՝ ուրախությունս, որ բախտ ունեմ իրեն լսելու, անձամբ ծանոթանալու: Պատասխանեց.
- Ես եմ ուրախ, որ կարողացա Յոթվերքի երգչախմբին լսել և ձեզանից
ինչ-որ բան սովորել:
Ես հիացած էի նրա համեստությամբ. մարդ, որ նվաճել էր ճանաչման
բարձունքը, նույն հարթակի վրա է կանգնում սկսնակների հետ: Այդքա՜ն խոնարհ, այդքա՜ն պարզ ու զգայուն էակ էր նա: Իսկ ամենից ակնառուն նրա չափազանց զուսպ, մեղմ ու քնքուշ բնավորությունն էր և նրբին կանացիությունը: Այդ օրը Լուսինեն ևս ինձ մի գրքույկ նվիրեց՝ իր մակագրությամբ:
Այլևս առիթ չունեցա հանդիպելու սքանչելի այդ մարդուն ու երգչուհուն: Բայց կան մեծություններ, որոնց հետ մեկանգամյա հանդիպումն էլ անջնջելի հետք է թողնում: Այդպես էլ մնացել է Լուսինե Զաքարյանն իմ հիշողության մեջ իր լուսավոր կերպարով. անկրկնելի երգչուհի, որ հայ տոհմիկ երգը ներկայացրեց բարձր մակարդակով ու նվիրումով: Եվ դա արեց արգելքի պատնեշը ճեղքելով ու հայ հոգևոր երգը ճշգրիտ կատարմամբ բոլորին հասցնելով:
Այսօր նա ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց մեզ հետ է իր բարոյական ու լուսավոր կերպարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել