Լուսանկարիչ Յաման Իբրահիմը Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից է: Նա իր լուսանկարներում արտացոլում է մշակութային բազմազանությունը, կուսական բնությունը և մարդկային զանազան էմոցիաները: Իր լուսանկարչական գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք մրցանակների և ճանաչում ձեռք բերել ինչպես իր հայրենի Մալազիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Յաման Իբրահիմը դեռևս մանկուց է հետաքրքրվում լուսանկարչությամբ: Լուսանկարչական գործունեությանը զուգընթաց նա Կուալա Լամպուրի կրթօջախներից մեկում աշխատում է նաև իբրև ուսուցիչ: 10 տարի առաջ, երբ նա ստացավ իր առաջին մրցանակը, նրա համար լուսանկարչությունը հոբբի էր: Այդ մրցանակը նրան ոգեշնչեց, և նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ դարձավ: Տարիների ընթացքում ավելացան ոչ միայն նրա մրցանակները, այլև զգալիորեն աճեց լուսանկարչական ձիրքը: Նա բազմաժանր լուսանկարիչ է ու նկարում է վավերագրական լուսանկարներ, դիմանկարներ, բնանկարներ և այլն:






























