ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՍՏ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ԵԿԵՂԵՑՈՒ
“Կանա՛յք, հնազանդ եղե՛ք ձեր մարդկանց,
Ինպես որ վայել է ի Տեր:
Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց”:
(Կողոս. Գ 18-19):

Քրիստոնեությունը, բարձրացնելով, մաքրագործելով և սրբության վրա հիմնելով ընտանիքը, նրան նշանավոր տեղ շնորհեց բարոյական աշխարհում՝ դարձնելով այդ աշխարհի սկիզբն ու հիմքը: Միակնությամբ հավասարություն մտցրեց երկու սեռերի մեջ, և ապա պսակը եկեղեցական սբ. Խորհուրդ դարձնելով՝ դրեց նրան աստվածային արքայության փոքրիկ պատկերի մեջ: Պսակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը նվիրագործում է տղամարդու և կնոջ միավորումը: Պսակն եկեղեցու այն խորհուրդն է, որով այր ու կին ստանում են աստվածային օրհնություն, խորհրդապես միանում են իրար, մի մարմին են դառնում, ըստ Քրիստոսի և Իր Եկեղեցու միության օրինակի՝ նվիրվում են միասին Աստծու արքայության առաջադիմության համար աշխատելուն ու նրա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն: Պսակի խորհրդի հաստատումը Քրիստոսի ներկայությամբ վավերացվեց Կանայի հարսանիքի ժամանակ (Հով. Բ 1-2), իսկ հետագայում նույնն ամբողջացավ աստվածային հրամանով. “Դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պետք է լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու այլ մեկ մարմին…’’ (Մատթ. ԺԹ 5-6): Ուրեմն, յուրաքանչյուր տղամարդ, բաժանվելով իր ծնողներից, առնում է մեկ այլ կին նրա հետ մի մարմին է դառնում Աստծու սուրբ խորհրդով և օրհնությամբ, մի նոր ընտանիք է դառնում երկնավոր արքայության մեջ: Ամուսնության ու պսակի սրբության գաղափարը քրիստոնեական վարդապետության մեջ իր բարձրակետին է հասնում Պողոս առաքյալի հետևյալ խոսքերում. “Մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանաց իբրև իրենց մարմիները, ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ Եկեղեցիին (Եփես. Ե 28-30)” կամ “Ամուսնությունը հարգելի է եւ ամուսնական անկողինը սուրբ” (Եբր. ԺԳ 4): Առաքյալը այնքան է բարձրացնում պսակի խորհուրդը, որ մինջև անգամ այր և կնոջ նմանեցնում է Քրիստոսին և Իր Եկեղեցուն. “Հնազանդվեցեք միմյանց Քրիստոսի երկյուղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը. որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու…: Մարդիկ սիրեցեք ձեր կանաց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար” (Եփս. Ե 21-23, 25): 
Ավետարանի պատվերով տղամարդը խոստանում է սիրել իր կնոջը իր անձի պես, որը նշանակում է պատրաստ լինել ամեն ինչ զոհելու նրա համար իբրև ճշմարիտ սրտակից և իբրև մի մարմին նրա հետ: Իսկ կնոջը պատվիրում հնազանդ լինել ամուսնուն և ակնածել նրանից: Այս հնազանդությունն ու երկյուղը ոչ թե ստրկական է, այլ վերաբերմունքն է դեպի իրեն անձնազոհությամբ սիրող և իր համար ապրող ու շնչող ընկերոջը: Նա, որ սիրում է, չի կարող բռնակալ լինել, իսկ նա, որ սիրվում է, չի կարող չպաշտել, չհնազանդվել իրեն անձնվեր սիրող կողակցին: Հետևաբար բռնություն և ստրկություն չկա ամուսինների մեջ, այլ կատարյալ սեր և հավասարություն, հնազանդություն, անձնվիրություն ու միություն, որով ուխտում են մինչև մահ իրար պատկանել: Այս հարցի շուրջ իր կարծիքն է արտահայտել Սարգիս Շնորհալին, ըստ որի կինը և ամուսինը համապատիվ են իրենց բնությամբ, այսինքն՝ հավասար են, թեև ամուսինը գլուխն է, իսկ կինը մարմինը: Ինչ վերաբերում է կանանց՝ իրենց ամուսիններին հնազանդ լինելու առաքելական պատվերին, ապա Շնորհալու կարծիքով դա կամավոր և ոչ թե հարկադրական հնազանդություն է, և այդ հնազանդությունը ստեղծում է ընտանեկան սեր, որի խաղաղ հարկի տակ է անցնում մարդու կյանքը: Իսկ ըստ Սարգիս Կունդի, կանանց հնազանդությունը պայմանավորվում է տղամարդկանց սիրով այն հիմնավորությամբ, թե կինը հնազանդ կլինի այն ամուսնուն, ով սիրում է իրեն: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տղամարդիկ և կանայք մեկ են ի Քրիստոս և պետք է ապրեն սիրո և փոխհամաձայնության մեջ: 
Եկեղեցին ճանաչեց ամուսնական կողակցությունը որպես սրբությունների սրբություն, ուստի չտատամսեց ընդունել Ս. Գրքի այն բանաստեղծական գեղեցիկ գրվածքը, որը իրապես գովերգում է տղամարդու և կնոջ սերն ու գեղեցկությունը, դա “Երգ երգոց” գիրքն է: Այստեղ բանաստեղծական թարմ շնչով և առանց կեղծ ամոթխածության արտահայտվում են երկու սիրահարների սիրո հույզերն ու ապրումները և մեզ հիշեցնում, որ տղամարդու և կնոջ սերը միմյանց նկատմամբ Աստծու պարգևներից մեկն է: 
Պսակի խորհուրդը երբևէ կնքված ամենամեծ դաշինքն է, որ առհասարակ կարող են միմյանց մեջ հաստատել երկու անձինք: Ո՛չ ազգակցական, ո՛չ էլ բարեկամական կապերը չեն կարող այդ աստիճան մտերմություն ստեղծել երկու անձերի միջև: Մարդկային ոչ մի դաշինք չի կարող տղամարդուն կամ կնոջն այնքան նեցուկ ու խրախույս լինել աստվածային արքայության ընտանիք կազմելու գործի մեջ, որքան այն ամուսնությունը, որը Եկեղեցու այդ սբ. Խորհրդով մտնում է Աստծու օրհնության վայելքների ու Նրա արքայության անդամակցության մեջ: Պսակի սբ. Խորհուրդ լինելը ցույց է տալիս, որ ամուսնությունը չի կարող մասնավոր, անհատական նպատակ ունենալ, այլ ինչպես որ Աստծու արքայության համար մեծ նշանակություն ունի Քրիստոսի և եկեղեցու միությունը, այնպես էլ ամուսնական ընտանեկան կյանքը, մի անհրաժեշտ տարր է Աստծու արքայության իրականացման համար: Ընտանիքը պետք է լինի բարոյական աշխարհի փոքրիկ նկարը կամ մանրաշխարհը: Հայ եռամեծար վարդապետ Գ. Տաթևացին ամուսնության երեք նպատակ է նշում. մեկը` պոռնկությունից խորշելու համար, երկրորդը` որդեծնության համար և երրորդը` ցանկությունը զսպելու և ամոքելու համար: 
Ամուսնության մեջ մարմնականը չպետք է նպատակ լինի, այլ հոգևորը, սիրո իրականացումը, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում. “Նրանք, որ կին ունեն, այնպես ապրեն, որպես թե` ունեցած չլինեին” (Ա. Կորնթ. Է 29): Կամ ինչպես Գ. Տաթևացին է գրում. «Այս մարմնավոր հարսանիքը խորհուրդն է հոգևոր հարսանյաց և հոգու միավորությունը Աստծու հետ»: Այս ճանապարհին զույգերը ոչ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն, այլև ներքինը՝ հոգևորը: Աստված սեր է, և մեր երանությունը իրագործվում է սիրով Աստծու հետ միանալով, հետևաբար չկա սեր, չկա երանական միություն այնտեղ, որտեղ չկա Աստծու օրհնությունը: Իսկ միությունը, որ սիրո և ճշմարտության միություն չէ, այլ զուտ հաճույքի, չի կարող Աստծու արքայության իրականացման տարր կազմել այս աշխարհում: Այդ պատճառով Պողոս առաքյալն ամուսինների ճշմարիտ սիրո մասին խոսելիս շեշտում է ամուսնության մեծ նշանակությունն՝ ասելով. “Այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ” (Եփ. Ե 32): 
Եկեղեցին այս նյութական աշխարհային կենցաղի մեջ չի մերժում ընտանեկան երջանկությունը՝ պարտադրելով միայն հոգևոր սկզբունքներ, այլ մերժում է, երբ մենք ստրկորեն ծառայում ենք ընտանիք հասկացության միայն “վայելի՛ր” սկզբունքին՝ մոռանալով աստվածադիր “սիրի՛ր” պատվիրանը: Այս խորհրդի առանցքը փոխադարձ սերն է, իսկ շարունակությունը՝ որդեծնությունը, սակայն ամուսնության միակ նպատակը որդեծնությունը չպետք է դիտել, այլ աստվածային սիրո անդրադարձը հասարակության ամենահիմնական բջիջի` ընտանիքի մեջ: Առաջին կինը չստեղծվեց միայն սերնդագործության նպատակով, այլ Աստված ասաց. “Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար”(Ծննդ. Բ 18): Աստված կյանքի ընկեր տվեց մարդուն, հետևաբար սիրել միմյանց չի նշանակում միմյանց աչքերի մեջ նայել, այլ երկուսով մեկ նպատակ ունենալ և այդ ճանապարհի մեջ միմյանց օգտակար ու օգնական լինել:
Գերմանացի մի հեղինակ տղամարդու և կնոջ նման միությունը կոչում է «կյանք մեկ անձի մեջ, որ երկու դեմք ունի» ի վկայություն աստվածադիր «եւ եղեն ի մարմին մի» սահմանման: Երկուսը մեկ մարմին, երկու հոգի կենցաղավարում են ինչպես մեկը, հետևաբար` երկու կամք և մեկ արտահայտություն` փոխհամաձայնության, վստահության, ներողամտության, խոնարհության և, իհարկե, հավատի ու սիրո սրբազան զգացումների մեջ: Այս է պսակի և ամուսնութայն կատարելության պայմանը: 
Պսակը լուծել կարելի՞ է, թե՞ ոչ: Այս հարցը պարզելու համար անդրադառնանք Նոր Կտակարանին: Մատթեոս ավետարանիչը գրում է. “Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից, և երկուսը մի մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: Սակայն ասում եմ ձեզ, թե ով իր կնոջն արձակում է և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում” (ԺԹ 4-6, 9): Ղուկասի Ավետարանի ԺԶ գլ. 18 համարում կարդում ենք. “Ով իր կնոջը արձակում է և մի ուրիշին առնում շնանում է. իսկ ով որ արձակվածին է առնում, շնանում է”: Նույնը պատմում է Մարկոսը. “Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և ուրիշին առնի, շնություն արած կլինի, և մի կին եթե թողնի իր ամուսնուն և ուրիշ մարդու կին լինի, շնություն արած կլինի” (Ժ 11): Իսկ Պողոս առաքյալը գրում է. “Ամուսնացած կինը օրենքով կապված է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է” (Հռոմ. Է 2): Այս բոլոր վկայություններից պարզապես երևում է, որ Քրիստոսի հրամանն է. “Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի”: Ուստի ինչպես որ եկեղեցին ու Քրիստոս անբաժանելի են իրարից, այնպես էլ մինչ մահ կապված են իրար հետ այր ու կին, ըստ որում թե՛ Քրիստոս, թե՛ առաքյալները բացահայտ մերժում են պսակի լուծումը, իսկ իրարից հեռացած ամուսիններին իրավունք չեն տալիս վերստին ամուսնանալու: Սակայն Հայոց եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում. 
1. Պոռնկության դեպքում (Լուսավորչի 23-րդ կանոնը պոռնկության համար թույլ է տալիս արձակել կնոջը):
2. Երբ ամուսիններից մեկը ունի մարմնական արատ (վարակված է անբուժելի և վարակիչ հիվանդությամբ, դիվահար է կամ խելագար (Շահապիվանի ժողովով (444թ.) թույլատրվում է):
3. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից (Դվինի 7-րդ կանոնը թույլ է տալիս ամուսիններին 7 տարի սպսելուց հետո ամուսնանալ): 
Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում: Պսակն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Առաքյալների աշակերտ Իգնատիոս Աստվածազգյացը քրիստոնյաներին տալիս է այսպիսի խրատ. “Պսակվողները հարկավոր է ամուսնանան եպիսկոպոսի գիտությամբ, որպեսզի պսակը լինի Տիրոջով և ոչ ըստ ցանկության”: Քանի որ հավատացյալներից շատերը, ըստ հին սովորության, շարունակում էին ամուսնանալ առանց եկեղեցու գիտության և օրհնության: 3-րդ դարի եկեղեցական հայր Տերտուղիանոսը մի քահանայի ասում է. “Մեր մեջ ծածուկ պսակները վտանգի են ենթարկվում` դատվելու շնության և անառակության հետ հավասար”: Եկեղեցական հայրերի՝ պսակը միայն եկեղեցական օրհնությամբ կատարելու ջանքերը գլուխ եկավ 9-րդ դարում կայսերական հրամանի ուժով: 893թ. Լևոն Իմաստասեր կայսրը 89 նովելայով հրամայեց ընդունելի համարել այն ամուսնությունները, որոնք եղել են եկեղեցական օրհնությամբ եւ պսակով: Հայոց մեջ 4-րդ դարից արդեն վկայություն ունենք, որ եկեղեցական պսակը ընդհանրացած և օրենքի ուժ էր ստացել: Փավստոս պատմիչը, խոսելով Ներսես Մեծի արած կարգադրությունների, հատկապես պսակի մասին, ասում է. “Ոչ ոք չէր համարձակվում նրա վախից թողնել իր կնոջը, որին մի անգամ քողով կամ պսակի օրհնությամբ կնության էր առել և ոչ էլ համարձակվում էր պսակվել ուրիշի հետ”:
Եկեղեցին երկու անգամ է թոյլ տալիս կատարել Պսակի խորհուրդը: Երկրորդ Պսակի համար Պողոս առաքյալը ասում է. “Որովհետև ուզում եմ, որ ամեն մարդ լինի այնպես, ինչպես ես եմ, սակայն ամուրիներին և այրիներին ասում եմ` լավ է նրանց համար մնալ այնպես, ինչպես ես եմ, իսկ եթե ժուժկալություն չունեն թող ամուսնանան, որովհետև լավ է ամուսնանալ քան կրքով այրվել”(Ա. Կորնթ. Է 7-9): Նույն առաքյալը Առ Հռոմեացիս թղթում ասում է. “Ինչպես որ ամուսնացած կինը օրենքով կապված է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է, իսկ եթե մարդը մեռնի, իր մարդուն կապող օրենքից արձակված է” (Հռոմ. Է 2-3): Այդ հիմամբ էլ Հայ Եկեղեցին ունի Կանոն երկրորդ պսակի: Վերջինիս դեպքում այրին միմիայն այրու հետ կարող է ամուսնանալ և ոչ կույսի հետ: Իսկ երրորդ պսակն անթույլատրելի է: Ըստ Բարսեղ Կեսարացու եռամուսնությունը օրենքով չի թույլատրվում: Այդպիսի գործողության վրա նայում ենք ինչպես անմաքրություն և այսպիսի ամուսնական կապը համարում ենք ոչ պսակ, այլ բազմակնություն կամ անառակություն: Գրիգոր Տաթևացին բավական խիստ է արտահայտվում երրորդ պսակի համար այն հիմնավորմամբ, թե առաջինը օրինակն է, երկրորդը` թույլ տալով, իսկ երրորդը արդեն անբարոյություն է: Պսակադրությունը կատարվում է եկեղեցու մեջ քահանայի կողմից այն ժամանակ, երբ չի գտնում որևէ մի արգելք այդ խորհուրդը կատարելու եկեղեցու կանոնների համաձայն: Պսակն իրավունք ունի կատարելու քահանան. 
ա) եթե հարսն ու փեսան փոխադարձաբար հավանում, սիրում են միմյանց և քահանայի ներկայությամբ այդ բանը հաստատում են:
բ) եթե երկուսի ծնողները նույնպես ընդունում են, և նրանց կամքին հակառակ չէ (Բարսեղի 38 կանոնով առանց հոր կամքի մարդու գնացած աղջիկը պոռնկություն արած է համարվում: Շահապիվանի 7-րդ կանոնը հրահանգում է, որ եթե քահանան առանց ծնողների կամքի գաղտնի պսակ անի, զրկվի քահանայությունից: Իսկ Սահակի և Շնորհալու կանոնների համաձայն` ոչ ոք չհամարձակվի տղայի և աղջկա կամքին հակառակ պսակ անել, այդպիսի պսակը անհաստատ և լուծանելի է):
գ) եթե երկուսն էլ չափահաս են: (Հուստինոս կայսեր հրամանով որոշվեց չափահաս համարել 14 տարեկան տղային և 12 տարեկան աղջկան: Լևոն Իսավրացին որոշեց 15 տարեկան տղայի համար և 13 տարեկան` աղջկա: Նույն կանոններից օգտվեցին հայոց հայրապետները: Ներսես Շնորհալին սահմանեց տղայի համար 15, իսկ աղջկա համար՝ 12 տարեկան):
դ) եթե պսակի կատարման մեջ որևէ կողմից բռնություն, խաբեություն և առևանգություն չկա: (Շահապիվանի 7-րդ կանոնի համաձայն այդ ամուսնությունն անընդունելի է):
ե) եթե երկուսից մեկի ամուսինը կենդանի է:
զ) եթե դավանական և կրոնական արգելք չկա: (Քահանան կարող է պսակել հրեայի, հերետիկոսի, մահմեդականի և հայադավանի հետ, եթե նրանք մկրտությամբ կդառնան Հայոց Եկեղեցու զավակները: Հայադավանին կարող է պսակել հայ քահանան քրիստոնյա այլադավանի հետ, եթե երկուսի համաձայնությամբ պսակը կկատարվի Հայոց Եկեղեցում): 
է) եթե չկա ազգակցական, խնամական և նրանց միջև արյունակցական կապ: Պսակների աստիճանների մերձավորության և հեռավորության կարգը Եկեղեցին վերցրեց մովսիսական օրենքից: Մովսեսը Ղևտացվոց ԺԸ գլխում սահմանեց, որ ոչ ոք իրավունք չունի մոտենալ հարազատ քրոջը, մորաքրոջը, հարսին և այլն: Առաքելական 33-րդ կանոնը մատնացույց արեց մովսեսի օրենքը և հրամայեց կատարել, այնուհետև ընդունվեցին Նեոկեսարիայի և Բարսեղի 23, 78, 80 կանոնները: 7-8 դարերում 4-րդ աստիճանը ի սպառ արգելվեց: Պարտավի 771թ. ժողովը սահմանում է, որ չորրորդ պորտի ամուսնություն չի կարելի: Վերջնական ժողովական կարգադրությունը այդ մասին եղավ 1243-1246թթ. Սսի ժողովում, որի 7-րդ կանոնը սահմանում է, որ ազգակցական պսակ կարելի է միայն 7-րդ աստիճանում: Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը 1899-ին հայրապետական կոնդակով վավերացրեց այս կանոնը, որը դարձավ վերջնական և մինչև այսօր տիրող կարգն է: ):
ը) եթե պսակը կատարվում է թույլ տրված օրերին: Բուն Բարեկենդանից մինչեւ Զատիկ, Զատիկից էլ մինչև Պենտեկոստե և բոլոր կիրակի օրերին չի թույլատրվում պսակ անել: Նաև արգելվում է պսակ կատարել ուրբաթ և չորեքշաբթի, այսինքն՝ պահոց օրերին, տաղավարներին հաջորդող մեռելոցներին, Ս. Ծննդյան, Անվանակոչության, Տյառնընդառաջի, Ավետման և Համբարձման օրերին, Առաջավորաց, Վարդավառի, Ս. Աստվածածնի, Հիսնակաց և Ծննդյան շաբաթապահքերի 5 օրերին՝ համաձայն Առաքելական 52-րդ և Դվինի ժողովի 5-րդ կանոնների:
Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, և միայն կաթողիկոսն է, ով իրավունք ունի այն լուծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել