Armsport.am-ը գրում է.
Հայտնի է, որ Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի խաղացող Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում կազմում գտնվում է Շվեյցարիայում, որտեղ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում մեր ընտրանին:
Սպասվում էր, որ Միրանյանը Հայաստանի կազմում նորամուտը կնշի ԱՄԷ-ի կամ Ալժիրի հետ ընկերական խաղերում, սակայն երկու դեպքում էլ նրա անունը բացակայում էր հայտացուցակից:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ն դեռ չի թույլատրել Արթուրին փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականներում, իսկ այս տարվա գարնանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, ֆուտբոլիստը մինչեւ 21 տարեկան լրանալը կարող է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, սակայն այս գործընթացը ժամանակատար է, եւ Միրանյանը դեռ չի ստացել համապատասխան թույլտվությունը:
Հիշեցնենք, որ ժամանակին Արթուր Խաչատուրովը Մոլդովայից «տեղափոխվեց» Հայաստան, ինչի համար պահանջվեց շուրջ երեք ամիս: