Կան մարդիկ, ովքեր անընդհատ փնթփնթում են: Ինչ խոսք, դժգոհելու բան շատ կա, սակայն փնթփնթոցը ոչնչով չի օգնում գործին: Դրա փոխարեն հարկավոր է կառուցողական քայլեր կատարել: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներից պարզ է դարձել, որ փնթփնթալու սովորությունը կարող է բացասաբար անդրադառնալ մեր մտավոր, ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա: Այն կարող է անբավարարվածության զգացում առաջացնել, որը կխանգարի Ձեզ Ձեր առօրյա կյանքում՝ հանգեցնելով դեպրեսիայի: Մենք հաճախ բողոքում ու փնթփնթում ենք՝ առանց գիտակցելու, որ դա ժամանակի զուր վատնում է: Այս խորհուրդները կօգնեն Ձեզ ձերբազատվել այդ վատ սովորությունից:  

1. Ընդունեք, որ որոշ բաներ դուրս են Ձեր վերահսկողությունից

Կան բազմաթիվ բաներ, որ Դուք չեք կարող փոխել կամ վերահսկել՝ անկախ նրանից, թե որքան ջանք ու եռանդ կծախսեք դրա վրա: Դուք չեք կարող փոխել եղանակը կամ կարճ ժամանակում վերափոխել այս կամ այն մարդուն: Ինչպես հայտնի ժողովրդական իմաստությունն է հուշում, կարմիր կովը կաշին չի փոխի, սակայն պետք չէ դրանից դժբախտություն սարքել: Չի՞ ցանկանում փոխվել դեպի լավը. ավելի վատ հենց իր համար: Մի՛ զինաթափվեք և դեպրեսիայի մեջ մի՛ ընկեք այնպիսի բանի պատճառով, որը չեք կարող փոխել: Յուրաքանչյուր բանի մեջ էլ կարելի է լուսավոր կետ գտնել:

2. Շնորհակալ եղեք Ձեր ունեցածի համար

Powerful Ways to Deal With a Bad Mood

Մենք հաճախ բողոքում ենք, որ չունենք այս կամ այն բանը՝ առանց նկատելու այն ամենը, ինչին արդեն հասել ենք մեր կյանքում: Շնորհակալ եղեք Ձեր ունեցածի համար: Կազմեք բոլոր այն բաների ցուցակը, որոնց համար շնորհակալ եք: Այդժամ կհամոզվեք, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, և չարժե այդքան փնթփնթալ: Զուր փնթփնթալու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկեք և կտեսնեք, թե որքան զգալիորեն է Ձեր կյանքը փոխվում:

 

3. Դրականորեն տրամադրվեք բոլորի հանդեպ

Անշուշտ, սա հեշտ բան չէ: Դժվար է դրական տրամադրվածություն ունենալ այն ժամանակ, երբ տեսնում եք, որ մարդիկ ըստ արժանվույնս չեն գնահատում Ձեզ: Այնուամենայնիվ, վաղ թե ուշ պետք է հաշտվել այն փաստի հետ, որ կյանքում ոչինչ կատարյալ չէ: Մի՛ վախեցեք սխալներ գործելուց ու ձախողվելուց: Ձախողումներից ու սխալներից կարելի է կյանքի կարևոր դասեր քաղել: Պարզապես պետք չէ կենտրոնանալ սխալների վրա: Ընդունեք դրանք և առաջ անցեք:

4. Սովորեք հարմարվել փոփոխություններին

http://jacquelineteo.com/wp-content/uploads/2012/12/complain.jpg

Կյանքը լի է փոփոխություններով, ուստի պետք է սովորել հարմարվել այդ անկանխատեսելի փոփոխություններին: Ցավոք, այդ փոփոխությունները միշտ չէ, որ Ձեր օգտին են, սակայն շատ առումներով հենց Դուք եք իրավիճակի տերը: Փորձեք օգուտ քաղել անգամ այդ փոփոխություններից:

5. Հաստատակամ եղեք

Եթե ցանկանում եք ձերբազատվել փնթփնթան բնավորությունից, Ձեզ հարկավոր է հաստատակամ մնալ Ձեր որոշման մեջ: Առհասարակ հաստատակամությունը բնավորության կարևոր գիծ է, որը Ձեզ շատ կօգնի հաղթահարել խոչընդոտները: Սովորեք պաշտպանել ինքներդ Ձեզ և Ձեր տեսակետները՝ միաժամանակ պահպանելով հարգանքը դիմացինի հանդեպ: Թույլ մի տվեք, որ մարդիկ Ձեզ վերաբերվեն ինչպես փալասի: Հաստատակամ ու ինքնավստահ եղեք, սակայն միաժամանակ պահպանեք հարգանքը դիմացինի նկատմամբ և խոսակցության ընթացքում անպայման նայեք զրուցակցի աչքերի մեջ: Դա շատ է նպաստում փոխըմբռնմանը:

6. Դադարեք  դատապարտել ուրիշներին

Երբեմն մենք բողոքում ենք ինչ-որ մեկից, ով մեզ հետ անարդարացիորեն է վարվել առանց ողջ ճշմարտությունն իմանալու: Գուցե նա պարզապես այլ ելք չուներ: Փորձեք պատկերացնել Ձեզ նրա փոխարեն և փորձեք հասկանալ նրա նմանատիպ մոտեցման դրդապատճառները: Եթե այդ ամենից հետո էլ մնաք այն կարծիքին, որ նա անցել է բոլոր թույլատրելի սահմանները, պարզապես ջնջեք նրան Ձեր կյանքից: Մի օր նրա քիթն էլ քարի կգա, և գուցե այդժամ նա անկեղծորեն զղջա Ձեզ հետ անարդարացիորեն վարվելու համար:

7. Օրինակ ծառայեք այլոց համար

Եթե ցանկանում եք Ձեր շրջապատում փոփոխություններ մտցնել, նախևառաջ փոխեք ինքներդ Ձեզ: Պահանջկոտությունը շատ լավ բան է, սակայն այն պետք է առաջին հերթին ինքներդ Ձեր հանդեպ դրսևորվի: Եթե Ձեր ներկայությամբ ինչ-որ մեկը սկսում է փնթփնթալ ինչ-որ բանից, փոխեք խոսակցության թեման և օգնեք նրանց գիտակցել, որ դա վնասում է նրանց իսկ առողջությանը: Օրինակ ծառայեք մյուսների համար: Դադարեք փնթփնթալ և կդառնաք ավելի ազատ, ավելի երջանիկ ու կսկսեք ապրել լիարժեք կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել