Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
Կազմակերպությունը պետական գրանցման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության է ներկայացնում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) կազմակերպության հիմնադիրների ժողովի արձանագրությունը` կազմակերպության կանոնադրության հաստատման, պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու և կազմակերպության լիազորած անձի ընտրության մասին որոշումներով, որոնցից պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու մասին որոշումը պետք է ընդունված լինի սույն հոդվածում նշված փաստաթղթերը պետական գրանցման մարմին հանձնելու կամ առաքելու օրվանից ոչ ավելի վաղ, քան 60 օրացուցային օր առաջ.
3) հիմնադիրների, իսկ եթե նրանց թիվը հինգից ավելի է, ապա հիմնադիրներից առնվազն հինգի, ինչպես նաև կազմակերպության լիազորած անձի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը (անձի ցանկության դեպքում` նաև հայրանունը), ծննդյան օրը, ամիսը և տարին, անձնագրի սերիան, համարը և մարմինը, որի կողմից տրված է անձնագիրը, հաշվառման հասցեն, հեռախոսների համարները, էլեկտրոնային հասցեն.
4) կանոնադրության առնվազն երկու օրինակ.
5) պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը (10.000 ՀՀ դրամ).
6) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաև իրավաբանական անձին հանձնվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:
7) իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Պետական գրանցման մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու մասին գրանցման մատյանում գրառում կատարելուց հետո` 21 օրացուցային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը և գրանցել կազմակերպությունը կամ մերժել դրա գրանցումը:
Կարեն Տոնոյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



