Lragir.am-ը գրում է.
Ամռան ամիսներին գյուղացիներից մթերվող կաթի գնի նվազմամբ պայմանավորված՝ խանութներում վաճառվող կաթնամթերքի գնի նվազում չի կարող լինել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանի այն հարցին, թե ինչո՞ւ ամռան ամիսներին կաթնամթերքը չի էժանանում, չէ՞ որ մթերվող կաթի գինը նվազում է 20-30 տոկոսով:
«Դուրս ա գալիս, որ ամռանը պետք ա էժանացնեն, ձմեռը թանկացնե՞ն, էդպես չի լինում: Արտադրողներն ամբողջ տարվա համար են հաշվարկ անում, չեն կարող գները տատանվել»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Գյուղատնտեսության նախարարը բացատրեց, թե ինչու է ամռանը կաթը էժանանում: Նրա խոսքով՝ ամռան ամիսներին կաթի արտադրության պիկ է առաջանում, կաթի յուղայնությունը պակասում է, գինն էլ իջնում: Նա նշեց, որ մտադիր են ստեղծել կաթ արտադրողների միություն, իսկ կաթ վերամշակողների միություն արդեն կա: Այս միությունները, նախարարի խոսքով, պայմանագրային հարաբերություններով միմյանց հետ կաշխատեն:
«Վերամշակողների մոտ գերշահույթ չկա, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ անդրադարձավ դրան, լուրջ ստուգումներ արեց, պարզվեց, որ շահույթը շատ պակաս է: Ընդհակառակը, նրանք ուզում են իրենց գինը բարձրացնել, մենք զսպում ենք: Էնպես որ, այս հարցում մենք առաջընթաց ունենք, ոչ թե հետընթաց»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե միջազագային շուկայում էլ կաթնամթերքի գինը բարձրացել է:



