Նրան անվանում էին բրիտանական ժողովրդի «սրտերի թագուհի»...
Լինելով արքայական ընտանիքի անդամ, արքայազանի կին և անգլիական թագավորության երկու ժառանգորդների մայր՝ Լեդի Դին ոչ միայն մտել է պատմության մեջ, այլև իր հետքն է թողել նորաձևության պատմության վրա:
Իր ժամանակներում նա ոճի և նորաձևության աստվածուհին էր համարվում:
Ներկայումս նրա մասին գրվում են գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, իսկ Լեդի Դիի կերպարները ոգեշնչման աղբյուր են դառնում նորաձևության շատ սիրահարների համար:
Ի վերջո, ինչպիսի՞ն էր նրա ոճը:
19 տարեկանում, երբ Դիանան դարձավ արքայազնի հարսնացուն, հասարակության ողջ ուշադրությունը կենտրոնացավ նախևառաջ նրա ոճի և կերպարների վրա:
Նա հագնվում էր ինչպես բրիտանացիների մեծ մասն այդ ժամանակ:
80-ականներն էին. լայն փողքերով հագուստների և վառ գույների ժամանակաշրջան:
Ամուսնությունից հետո Դիանան ստիպված էր ավելի մեծ ուշադրություն հատկացնել իր հագնվելու ոճին, քանի որ հանրության ողջ ուշադրությունը սևեռված էր դրա վրա:
Դիզայներ Քեթրին Ուոքերի հետ համագործակցությունից հետո Դիանան կտրուկ կերպարանափոխվեց:
Նա սիրում էր մարգարիտներ, մեծ բիժուտերիաներ և առաջինն էր, ով հրաժարվեց հետևել արքայական ընտանիքի մյուս անդամների օրինակին ու կրել ձեռնոցներ և գլխարկներ:
Լեդի Դիի մյուս կերպարանափոխությունը կայացավ 90-ականներին՝ արքայազն Չարլզի հետ ամուսնալուծվելուց հետո:
Դիանան սկսեց ավելի կանացի և նրբագեղ հագուստներ կրել, իսկ բրենդերից նա նախընտրում էր Versace-ն:
Լեդի Դին հետևում էր նորաձևությանը, բայց որ ավելի կարևոր է, նա ինքն էր նորաձևություն ստեղծում:




