Գաղափարապաշտ ազգ ենք, էլի...
Այս ժողովրդին հաց ու ջուր մի տուր, միայն թե պաշտելու համար գաղափար տուր: Կգոհանանք:
Անաստվածը, որ նեղն ընկնելիս «վայ, մամա ջան»-ի հետ մեկ-մեկ էլ «յա՜, տեր Աստված է» կանչում մտքում` գաղափարապես, սկզբունքորեն է անաստված:
Երեսուն-քառասուն տարվա ամենակերը կամ մսակերը, որ օրեն մեկ օր ուրիշի օրինակով, «բարի» նախանձով (ոչ թե ինքնաճանաչողության ճանապարհով սեփական եզրահանգմամբ) մեկեն հանկարծ բուսակեր է դառնում, անմիջապես, ոչ ավել, ոչ պակաս, բուսկերության դրոշը պարզած` քարոզիչ է դառնում, առանց համբերելու, որ տեսնի, դա իր մարմնի հագո՞վ է, թե՝ ոչ:
Ու կենդանական մսից հրաժարվելով՝ մսակեր եղբոր «միսն է ուտում»:
Սիրելի բուսակերներ, այդպիսով ախր «մարդակեր» եք դառնում:
Քրիստոնյա ենք գաղափարապես, այլ ոչ մեր կենսակերպով:
Հեթանոս ենք` քրիստոնեությունը մերժելու սիրույն միայն:
Գաղափարները անձնագիր ենք սարքել մեզ, որ մեր անունից առաջ ենք ներկայացնում:
Գաղափարները դրոշ ենք արել, ու վեր պարզած, քարոզում ենք՝ ձգտելով մեր դրոշը կողքինից ավելի վեր ծածանել:
Բայց երբ թափահարում ենք դրոշը, ուրիշները լսում են շղթաների զրնգոցը, որով կապված ենք դրոշին, ինչպես ստրուկը` գամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել