Tert.am-ը գրում է.
Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով Ադրբեջանում հայտնված և այս տարվա ապրիլի 10-ին Հայաստան վերադարձված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջայանի մայրը՝ Սվետլանա Խոջայանը պարտքով է դեղորայք վերցնում որդու բուժման համար, իսկ Երևանում նրան բուժել են ոչ թե պետպատվերի շրջանակում, այլ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության հատկացրած 150 000 դրամով:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արսենի մայրը՝ Սվետա Խոջայանը. «Սենց ա եղել, Մայա Խաչատրյանը զանգել ա, ես քինացել եմ, դեղորայք եմ պարտքով վերցրել։ Որ ասեմ՝ օգնել են… Ինձ օգնող չի եղել, իսկ հիվանդանոցումը, որ Օրբելու փողոցում ա, տենց պառկած է եղել։ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը 150 000 ա, թե ինչքան, մուծել է: Ու որ ասեմ՝ օգնող է եղել, սուտ կասեմ»։
Հիշեցնենք, որ Միջազգային Կարմիր խաչի ջանքերով Հայաստանը Արսենի ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ պահանջներ էր ներկայացնում, մասնավորապես, որ Բաքվի Կարմիր խաչի գրասենյակը շուտափույթ այցելի Արսենին և տեղեկություններ հայտնի նրա մասին: Իսկ նրա վերադարձվելուց հետո բազմաթիվ անհանգստություններ էին հնչում, որ նա վերադարձվել է խոշտանգված վիճակում:
Ստացվում է, որ Արսեն Խոջոյանի մասին հայաստանյան պետական կառույցները, և ոչ միայն, անհանգստանում էին, քանի դեռ նա գտնվում էր ադրբեջանական գերության մեջ:
Tert.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, ի պատասխան հարցի, թե աբսո՞ւրդ չէ, որ ՀԿ-ն է հոգում գերու տարրական ծախսերը, էլ չասած ավելի խորը, համակողմանի հետազոտությունների մասին, ասաց. «Աբսուրդ չէ, որ մեր կազմակերպությունն այդ գործը անում է, այսինքն՝ աբսուրդ չէ, որ մենք անում ենք, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու չի անում պետությունը, ես պետք է հստակեցնեմ, որ Դուք կարող եք զանգել երկու տեղ»:
Լարիսա Ալավերդյանի մատնանշած «երկու տեղերից» մեկը Պաշտպանության նախարարության Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խումբն է, իսկ երկրորդը՝ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



