Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ իրեն պատկանող գույքը

  • տիրապետելու
  • օգտագործելու
  • տնօրինելու

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է (օրինակ՝ հանձնել վարձակալության):

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով (օրինակ՝ հողամասը մշակելը և բերք ստանալը):

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է (օրինակ՝ վաճառել, նվիրել, կտակել):

Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Գույքի սեփականատերեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձիք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները: Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) կարգով:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց (օրինակ՝ բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիներ, հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ):

Բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:

 Կարեն Տոնոյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել