Panorama.am-ը գրում է.
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավարտվեց: Աճուրդի տասը օրերի ընթացքում որևէ առաջարկ չի ներկայացվել: Մեկնարկային գինը, հիշեցնենք, 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Սարգիս Ցականյանը պարզաբանեց, որ ըստ օրենքի` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:
«Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը (տվյալ դեպքում կառավարությունը- ԽՄԲ.) աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»,- նշեց փաստաբանը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



