Ամառվա այս օրերին միաժամանակ երեք գիրք եմ կարդում: Դրանք շուտով կավարտեմ: Առաջին գիրքը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Եվրոպայի պատմության պրոֆեսոր Ֆրից Սթերնի «Հինգ Գերմանիաները, որ ես գիտեմ» (Five Germanys I know) գիրքն է: Մյուսը The Times of London թերթի նախկին խմբագիր Նիկոլաս Ուափշոթի «Քեյնս - Հայեկ. բախում, որ հատկորոշեց արդի տնտեսագիտությունը» (Keynes - Hayek. The Clash that Defined Modern Economics) գիրքն է: Երրորդը լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից․ հայերը և թուրքերը» գիրքն է:
Սթերնի գիրքն ինձ տվել էր Քարնեգի կորպորացիայի նախագահ, գրքերի մեծ սիրահար Վարդան Գրիգորյանը, երբ 2006թ. այցելել էի նրան Նյու Յորքի իր գրասենյակում: Գիրքը նոր էր լույս տեսել, նա հասցրել էր կարդալ և խորհուրդ տվեց, որ ես էլ կարդամ: Գերմանացի հրեա Սթերնը ծնվել է 1926թ. պրուսական Բրեսլո արդյունաբերական քաղաքում և 1930-ականների վերջերին գաղթել ԱՄՆ: Նա հինգ՝ վայմարյան, նացիստական, արևելյան, արևմտյան և միացյալ Գերմանիաների համեմատական նկարագրություն և վերլուծություն է անում: Իսկապես, այսօր ժամանակակից Գերմանիան, գերմանացիների մտածողությունը հասկանալու համար սա անփոխարինելի գիրք է: Գրքում մեզ՝ հայերիս վերաբերող մի փոքր դրվագ կա։ Սթերնը պատմում է, որ Նյու Յորքի նավահանգստի կառամատույցում, երբ գնացել էր դիմավորելու Մարսելից ժամանող իր հարազատներին, իր համար անսպասելիորեն նույն նավից իջել է «հայկական ջարդերը նկարագրած Ֆրանց Վերֆելը»:
Չնայած Ուափշոթի գրքի թեման՝ Քեյնս - Հայեկ վեճը տնտեսագիտության հավերժ վեճերից է, նրան հաջողվել է այդ «հակամարտության» նոր շերտեր բացել: Թեման խիստ արդիական է նաև Հայաստանի տնտեսության համար, երբ վեճը գնում է տնտեսության կարգավորման և զարգացման գործում Քեյնսի կողմից պաշտպանվող կառավարության դերի՝ ընդդեմ Հայեկի կողմից պաշտպանվող laissez-faire կապիտալիզմի պաշտպանության, այլ կերպ ասած՝ շուկայի ինքնակարգավորման թեզերի միջև: Ես բազմիցս ասել եմ, որ ինքս Քեյնսի հետևորդն եմ, և 2008-09 թթ. ճգնաժամից հետո կարծես թե աշխարհն էլ է եկել այն համոզման, որ այս վեճում Քեյնսի մոտեցումներն ավելի ճիշտ են:
Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանի գրքին, ապա նա շատ լուրջ պատմագիտական աշխատանք է կատարել՝ պահելով իր լրագրողական անաչառությունն ու թեթև ոճը: Այս բավական լուրջ և ծանր թեման շատ մատչելի և հասկանալի մատուցվում է ընթերցողին: Ինձ այսօր ծանոթ չէ մեկ այլ գիրք, որում համադրված լինեն 1918թ. Առաջին հանրապետության շրջանից մինչև մեր օրերը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հիմնական իրադարձությունները: Չնայած գրքի թեման ինձ խիստ ծանոթ է և շատ գրականություն եմ կարդացել, կային նորություններ, որոնք Թաթուլը պեղել էր արխիվներից, հատկապես՝ խորհրդային շրջանում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող իրադարձությունները: Խորհուրդ կտամ կարդալ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/472284532782742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել