ArmnewsTV.am-ը գրում է.
Համաձայն վավերագրության` Դրաստամատ Կանայանը Բաշ-Ապարանի հերոսամարտի ժամանակ իր ջոկատներին ղեկավարել է հենց այստեղից, կանգնել է երկու սարերի միջև իր ձիու վրա ու քանի որ կապի միջոցներ չկային` գոռալով բարձրաձայն հրամաններ է արձակել: Ասում են` նոր են բացահայտել, որ զորավարը փառահեղ հաղթանակներից հետո, միշտ նստել է քարին հանգստանալու ու ոչ ավել ոչ պակաս ձիու հետ զրույցի բռնվել: Կիսվել է իր տպավորություններով, ու ասել` սրտում ինչ կա:
Հենց այդ պատճառով զորավարի գերեզմանը կառուցել են այս տարածքում: Հիմա այն դարձել է ուխտատեղի: Դրոյականներն ու Դրոյի ուղիղ ու անուղղակի ժառանգները ամեն տարի Ապարանի հերոսամարտի օրը գալիս են գերեզմանաքարի մոտ: Իրինա Կանայանը Դրոյի միակ ուղիղ ժառանգն է` թոռնուհին: Հենց Դրոյի պատճառով նրա ծնողները արտաքսվել են Սիբիր, միայն 1970-ին, Իրինա Կանայանին հաջողվել է վերադառնալ Հայաստան: Իրինան տատի պատումներն է հիշում, երբ պատերազմը սկսել է Դրոն ընտանիքին ստիպել է մնալ հայրենիքում:
Ապարանի հերոսամարտից 96 տարի անց, մահապարտների ջոկատն ամեն տարի գալիս է Դրոյի սիրելի քարի մոտ: Տղերքով նստում են նույն քարին, որին սիրել է նստել ու խորհել լեգենդար զորավարը:
Մայիսի 28-ին Ապարանում տոնն ամենուր է` փողոցներում, լեռներում պատշգամբներում` ապարանցիների համար այս տոնը նոր տարուց ավելի կարևոր է, ասում են` այդ օրը կերտվեց նոր Հայաստանը: Չլիներ այդ պատերազմը` թուրքերը Երևանում շրջելու էին:
Երևանից հյուրերի պակաս նույնպես չկար: Նախկին, ներկա պաշտոնյաներն ի նշան հիշատակի` Ապարանում են: Յուրաքանչյուր ապարանցի լավ գիտի հաղթանակի գինը: Չորս կողմից թուրքերը շրջափակել էին Ապարանը, թվում էր` ելք չկա. միակ ելքը հաղթանակն էր, որը դարձավ առաջին օղակը մայիսյան հաղթանակների շղթայում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ