Ա.Մ.Է.-Հայաստան խաղից հետո, ինչպես եւ սպասելի էր, սկսվեցին տարատեսակ վերլուծություններն ու կարծիքները: Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը չարդարացրեց, քանի որ նրա կողմից չտեսանք ներմուծված խաղային ձեռագիր եւ նորամուծություններ: Հարգելիներս, Շալանդից հենց առաջին խաղում նորամուծություն սպասելը, առնվազն, միամտություն է: Աշխարհի որեւէ մարզիչ ի վիճակի չէ հենց առաջին խաղում՝ հատկապես հավաքականների հետ աշխատելիս, միանգամից ներմուծել իր փիլիսոփայությունը. Դրա համար մեծ աշխատանք է հարկավոր: Այնպես որ, Շալանդին մեղադրել պետք չէ: Նա սխալվել էր մեկնարկային կազմի ընտրության մեջ, բայց դա էլ մեծ սխալ չէ, քանի որ փորձում էր տղաներին: Այ, մեղադրել պետք է մեր ֆուտբոլիստներին՝ պաշտպաններին, ովքեր միանգամյն ձախողվեցին: Հովհաննես Համբարձումյանի եզրը լրիվ անցողիկ միջանցք էր: Նույնիսկ արաբների բժիշկը՝ մեծ ցանկության դեպքում, կարող էր ճեղքումներ կատարել Համբարձումյանի եզրով: Չնայած, անձամբ ես, Հովհաննեսի խաղի վատ որակը վերագրում եմ ավելորդ լարվածությանը: Որքան էլ որ ֆուտբոլիստը իրեն հրաշալի դրսեւորի ազգային առաջնությունում, հավաքականում խաղալը, այնուամենայնիվ, մեծ լարվածություն եւ պատասխանատվություն է: Բայց, մյուս կողմից, եթե հրավիրվել ես հավաքական, ապա պետք է ամեն ինչ անես, որպեսզի արժանի կերպով ելույթ ունենաս: Կոպիտ եւ հասարակ սխալները շատ էին Համբարձումյանի մոտ: Վարազդատ Հարոյանի մասին առհասարակ չեմ ցանկանա խոսել, քանի որ ֆուտբոլային աշխարհում նոր-նոր քայլեր կատարող պատանի ֆուտբոլիստի էր հիշեցնում: Մեծ բացթողում կա դիրքային պայքարներում: Պաշտպանությունում մեր ֆուտբոլիստները պարտվեցին գրեթե բոլոր դիրքային պայքարներում: Ստանդարտներից բաց թողած գոլերը նույնպես դրա արդյունքներն են: Եթե չունես բավականաչափ հասակ, որպեսզի օդային հավասար պայքար մղես, ապա պետք է ճիշտ դիրք ընտրես, որպեսզի կարողանաս օգտվել դրանից եւ շահել օդային պայքարը: Խոսելու շատ շատ բան կա.... Պաշտպանությունը Ալժիրի հետ խաղում փոխել է պետք: Կցանկանայի կենտրոնում տեսնել Խաչատուրով-Ալեքս դուետին: Եթե փորձակելն է, ուրեմն իրենց էլ պետք է փորձարկել. միգուցե լա՞վ համագործակցություն ստացվի... Գեւորգ Կասպարովը մի քանի անգամ փրկեց մեզ՝ վտանգավոր դրվագներում: Բայց մեկ դրվագում էլ բաց թողած գնդակը լրիվ Գեւորգի մեղքով էր: Եթե դարպասապահը ստանդարտների խաղարկություններից հետո դուրս է գալիս տեղից, ապա պարտավոր է վստահ լինել, որ հենց ինքն է հասնելու գնդակին, դրանից հետո միայն կատարել քայլը: Իսկ եթե վստահ չես, որ մինչեւ վերջ գնալու ես գնդակին, առավել եւս, եթե կան պայքարող պաշտպաններ, ապա ավելի լավ կլինի մնալ դարպասային գծի վրա, խաղընկերների հնարավոր վրիպումները վերջնականապես սրբագրելու համար: Լեւոն Հայրապետյանը շատ լավ հանդիպում անցկացրեց: Ողջունելի է: Միանում էր գրոհներին, կարողացավ նաեւ բացել խաղի հաշիվը: Ընդհանուր առմամբ, խոշոր սխալներ չգործեց: Հրայր Մկոյանը չթողեց սպասված տպավորությունը, բայց հուսով եմ, որ Հրայրը դեռեւս կշտկի իր խաղը: Ռումյան Հովսեփյանի մոտ մեկնարկային ահռելի լարվածություն կար, որի պատճառով առաջին խաղակեսը լավ չանցկացրեց: Երկրոդ խաղակեսում արդեն թոթափեց լարվածությունը եւ ավելի վստահ էր գործում: Ուրախալի է, որ իր մեկնարկային խաղում դարձավ նաեւ գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի համար կարեւոր հանգամանք է: Արասի, Հենոյի, Կառլենի եւ Գեւորգ Ղազարյանի մասին չխոսեմ, քանի որ նորմալ էր ու սպասված: Իսկ այ, Յուրա Մովսիսյանը, միայն ֆիզիկապես էր խաղադաշտում: Հոգեբանորեն Յուրան հազարավոր կիլոմետրերով հեռու էր: Իսկ յուրաքանչյուր խաղի՝ անկախ նրանից ընկերական է, թե պաշտոնական, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ, նախեւառաջ հոգեբանորեն: Մաուրո Գեւգեոզյանի մոտ նկատեցի գնդակի համար պայքարելու գերազանց կարողություն: Միգուցե շատերը քննադատում են, որ Մաուրոն ոչինչ չարեց, բայց ասեմ, որ իմ նշած հատկանիշն ընդգծված էր Գեւգեոզյանի մոտ: Հուսամ, Մաուրոն դա կպահպանի ու կավելացնի նաեւ սրությունն ու բազմաթիվ գոլեր կխփի հավաքականում: Եւ հրաշալի է, որ արդեն Յուրա Մովիսիսյանին փոխարինող ունենք: Դա նաեւ Մովսիսյանին կստիպի ավելի շատ աշխատել եւ ապացուցել, որ ինքն է արժանի մեկնարկային կազմում տեղ ունենալուն: Բազմիցս ասել եմ ու էլի կասեմ, որ մեծ պահանջ կա՝ խաղային պահանջ, երկու հարձակվողներով գործելու: Հուսով եմ նաեւ, որ Շալանդը, ի վերջո, որոշ խաղերում կօգտագործի Մովսիսյան-Գեւգեոզյան զույգը: Նորայր Ասլանյանը լավ մտավ խաղի մեջ: Շատ սուր չէր գործում, վտանգավոր պահեր չստեղծեց, բայց անձամբ ես, գոհ եմ նրա խաղից: Ինչեւէ, հավաքականը դեռեւս շատ աշխատանք ունի կատարելու: Հավատանք մեր տղաներին ու գլխավոր մարզչին եւ հույս ունենանք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարից առաջ մեր հավաքականն արդեն այլ տեսք կունենա: Հիմքը ունենք, մնացել է հղկել: Առա՛ջ, Հայաստանի ազգային հավաքական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/517615071694800
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել