Ես 18-ամյա ուսանողուհի եմ, ով ակտիվ է հասարակական կյանքում, ունի մեծ շրջապատ, շփվում է տարբեր մարդկանց հետ և փորձում է բացահայտել մարդուն ինչպես տիեզերք: Այսպիսին եմ ես, ինչը թույլ է տալիս ճանաչել իմ սերնդակիցներին և պատկերացում կազմել մերօրյա երիտասարդության խնդիրների մասին: Ես կներկայացնեմ դրանք և կփորձեմ երիտասարդի տեսանկյունից վերլուծել ու գտնել պատճառները:
Այսօր երիտասարությունը գտնվում է հոգեբանական ճգնաժամի մեջ, կարելի է ասել` 21-րդ դարի կողմից բռնաբարված ուղեղներով: Անկախության սերունդը ունի ամենավեհ ու նվիրական արժեքը` Ազատությունը: Սա, անշուշտ, ապրելու և արարելու համար ստեղծում է լայն հնարավորություններ.մենք ինֆորմացված ենք, ունենք ոչ հոգսառատ առօրյա, շփման լայն շրջանակներ և, իհարկե, ազատ ներաշխարհ: Սա է քեզ պետք, երիտասա՛րդ, ապրի՛ր, գործի՛ր, ազատության մեջ կերտի՛ր քեզ, փոխի՛ր աշխարհը, զգա կյանքը..բայց երիտասարդության 90%-ի մոտ չկա այս գիտակցումը, որովհետև մարկային պարզ շփման փոխարեն մենք նախընտրում ենք վիրտուալ կյանքը` աչքերի փոխարեն վիրտուալ ժպիտներ, անկեղծության փոխարեն դատարկ տառեր, մենք սիրում ու խենթանում ենք online, մենք ռեալ շփման մեջ կորցրել ենք արտահայտվելու համարձակությունը.չկա խենթ ճիչը երիտասարդի(հիշենք` ոչ բոլորի մոտ):
Երիտասարդները տարված են ամենաաբսուրդ սերիալներով, ի՞նչ են քարոզում դրանք.հավերժ տառապող ես դու, երիտասա՛րդ, դու մենակ ես, քեզ ոչ ոք չի հասկանում, քեզ խաբեբաներ են շրջապատում, քո երկիրը քեզ ապագա չի տալիս...քո համար չկա կյանք...այո՛, սերիալների միջոցով երիտասարդը կորցնում է հավատը, խենթությունը, ապրելու անհագ ցանկությունը: Հեռուստատեսության մեկ այլ և ամենամեծ արատն այլասերումն է: Հումորային հաղորդումների, նախագծերի շղարշի տակ կործանում են ազգիս, և արդյո՞ք սա արդյունք է հայաստանյան հեռուստատեսության անվերահսկելիության: Կարծում եմ` ոչ: Չէ՞ որ դրսից են գալիս մեր ամենառեյտիգային ծրագիրները, մեր հեռուստաընկերություններն նախագծերի իրականացման իրավունքը գնում են արտերկրից: Սրանք արտասահմանից եկող թույնն են և ունեն հատուկ նպատակ, այն է` ազգային նկարագրի խեղաթյուրում:
Անցնեմ երիտասարդների մեկ այլ խմբի(մեր գերակշիռ մասն են).քյառթուներ իրենց պաշտելի մուղամով: Մուղամ` Թուրքիո դեսպանն Հայաստանում: Երիտասա՛րդ, մի՞թե այդ երաժշտության տակ չէին 1915-ին պապերիդ սպանում, տատերիդ բռնաբարում, փոքրիկներին կոտորում, մի±թե հիմա դու հայի արյուն չես մատուցում հենց նույն Թալեաթին ու Էնվերին:
Հաջորդ խնդիրն` ենթամշակույթներ(սուբկուլտուրաներ): Մեր սերունդը ծայրահեղական է, իսկ առողջ հասարակության հիմքը նախընտրելի միջինն է: Ամենքս հոգու խորքում պետք է ունենանք ամեն սուբկուլտարից մի մասնիկ, դա արդյունք կլինի ինտելեկտուալ զարգացման և բազմակողմանիության: Այսօր երիտասարդները եվրոպականացված են ու լեցուն ազգայինի մերժողականությամբ, նրանց չի հետաքրքրում Հայի ո՛չ ներկան և ո՛չ անցյալը, ապրում են Հայրենիքը լքելու ամենամեծ տենչով, և ինչպես իրենք են ասում` թքած երկրի վրա, ինձ լավ ապագա ա պետք: Այս երիտասարդների մոտ բացակայում է գիտակից հայրենասիրությունը, իսկ ենթագիտակցորեն նրանք բոլորն էլ Հայեր են և հայրենասեր են: Աշխարհին համընթաց քայլելն, անշուշտ, անհրաժեշտ է, բայց պետք է ազգային նկարագրով աշխարհին ներկայանալ:
Աղջիկնե՛ր, անգլալեզու nick-երով ու գլամուր-թիթիզ ստատուսներով ապագայում երեխա չեք դաստիարակի:
Ես նշեցի մեր արատավոր կողմերից հիմնականները, իրականում դրանք ավելի շատ են: Այսպիսի երիտասարդություն ունենալը մտահոգվելու լուրջ առիթ է, այսպիսի հարցերի լուծումը կառավարական մակարդակի վրա պետք է լինի, որովհետև մեղավորության ամենաչնչին մասն է երիտասարդինը: Սա դպրոցների ու մանկապարտեզների, ընտանիքների ու եկեղեցու, կառավարության վրա ծանրացած մեղք է: Ամեն ինչ գալիս է անտարբերությունից, այս ախտն է սպանում հասարակությանը: Անտարբեր եմ ես, դու, մյուսը, սա բերում է անհատի կղզիացման:
Դե, երիտասա՛րդ, մարդի՛կ, դե՛ն նետեք դիմակները, անկեղծությունը վայելե՛ք, ջերմացե՛ք միմյանցով, արտահայտվե՛ք, ազաաա՛տ եղեք:
Հա՛յ երիտասարդ, մինչ բոլորովին վերջերս քո կյանքի համար մարդիկ են զոհվել, դե կերտի՛ր ապրելու քո բանաձևը, հետևի՛ր դրան, նվաճի՛ր և սայթաքի՛ր, հավատա՛ և հասի՛ր երազիդ: Քո մեջ է ուժը, քո մեջ է ձգտումը, քո մեջ է ապագան: Դու ես քո ճակատագրի դարբինը: Լուսաբացը հաղթանակի սերունդինն է:



