1in.am-ը գրում է.
Այսօր «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից տեղեկացել է, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ» և խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գարիկ Պապոյանը նշեց, որ վերջին քսան օրերի ընթացքում ինքն ու իր ընկերը զանգեր են ստանում, որ DVD-ներ է վաճառում: Ընկերոջն էլ զանգել են Գարիկի համարը խնդրել՝ ասելով, որ DVD է խոստացել, սպասում ենք, չի բերում կամ ասում են՝ Գարիկից դիսկեր են գնել:
«Վերջին դեպքը. զանգել իմ անունից հիսուն հազարի դիսկ էին վաճառել: Շատ տհաճ է, քանի որ ասել են նաև, որ Մարկ Սաղաթելյանի հիշատակին գումար եմ հավաքում»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Գարիկ Պապոյանը:
Հարցին՝ ըստ Ձեզ, ովքե՞ր կարող են լինել, անհատ քաղաքացինե՞ր, ովքեր գումար են ուզում աշխատել այս ճանապարհով, թե՞ Ձեր անվան հետ ուզում են խաղալ, Գարիկ Պապոյանը նշեց, որ արձագանքներից զգացել է, որ ծանոթ մարդիկ չեն, ովքեր ուզում են վատություն անել, այլ մարդիկ են, ովքեր զանգել են հայտնի կազմակերպություններ, իսկ իրենք էլ կարծելով Գարիկն է, համաձայնվել են:
«Իմ դերասան ընկերներից մեկը զանգեց այսօր, ասաց, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում իր անունից դիսկեր են վաճառել, իսկ ինքը որևէ կերպ չի կարողացել դեմն առնել. սա փորձված մեթոդ է, որ մեկից մյուսին է անցնում: Այս պահին իմ անունն են հարմար գտել օգտագործել»,- ասաց զրուցակիցս:
Հարցին՝ արդյոք ոստիկանություն հաղորդում կներկայացնի՞ հանցագործության մասին, Գարիկ Պապոյանը նշեց՝ հավաբար ոչ, կարևորը հիմա կարողանան դեմն առնել, որ չշարունակվի:
Ստացվում է՝ եթե յուրաքանչյուրս պաշտպանված լինեինք, նման բան տեղի չէր ունենա, Գարիկը նշեց. «Իհարկե՝ գալիս հանգում ենք դրան: Սա ակնհայտ հանցագործություն է, պատկան մարմինները պետք է արձագանքեին, գուցե դեռ արձագանքեն: Կոչ եմ անում առանց ճշտելու, առանց հանդիպելու որևէ կասկածելի իրավիճակի՝ չհամաձայնվեն, իրականում չլսված բան է, որ դերասանը կամ երգիչը զանգի գործակալություններ դիսկ վաճառի: Նույնիսկ Մարկի անունն են շահարկել, որ գումարը պետք է հատկացվի Մարկի հիշատակին»,- ասաց նա:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ վաճառել են «պիռատսկի» դիսկեր՝ 2500 դրամով և բավականին մեծ քանակով: Կազմակերպություններից մեկը 50.000 դրամի գնել է:
«Արձագանքներից դեռ շատ ավելի բան կպարզվի, որ չէինք էլ կասկածում»,- ասաց նա:



