Emedia.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստականաշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի ևՍփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այսգործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:
Հարգելի՛ գործընկերներ,Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում,որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել