Տատիս՝ ԱՄԱԼՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ (1908-1994թթ.) հուշերից
Թուրքերի մուտքը Համամլու (Սպիտակ) խուճապ առաջացրեց մեր գյուղում: Գյուղամիջում մարդիկ անհանգիստ զրուցում էին: Ոմանք եղած-չեղածը հավաքած գնացին Ղարաքիլիսա, ոմանք էլ պատրաստվում էին բռնել Թիֆլիսի ճամփան: Հայրս մեր ընտանիքը տեղափոխեց Ղշլաղ, կարծելով որ այնտեղ ավելի անվտանգ կլինի, եւ դա էլ մեզ փրկեց... Մենք արջուտեցի թուրք նոքարներ (ծառաներ) ունեինք, որոնց նկատմամբ վարվում էինք ընտանիքի անդամների պես: Հարուստ ընտանիք էինք, հայրս ու հորեղբայրներս առեւտրով էին զբաղվում, Բաթումում նավեր ունեին... Գյուղի դպրոցն ու փողոցները մեր ընտանիքի միջոցներով էին կառուցվել ու նորոգվել: Էս նոքյարները, իմանալով, որ թուրքական բանակը Համամլուից շարժվում ա Ղշլաղ, լուսադեմին մորթում են հորեղբայրներիս, նրանց ընտանիքի անդամներին, ապրանքը բարձում ձիերի վրա ու Դարպասից փախչում Արջուտ: Էդ օրը մենք Ղշլաղում էինք, ուր յուրաքանչյուրը մտածում էր թուրքի ճամփեն փակելու մասին: Հետո իմացանք, որ մեր զորքը նահանջել ա, թուրքերը մտել են Դարպաս եւ ուր որ է՝ կմտնեն Ղշլաղ: Դարպասում փաշին ուղեկցում են մեր տուն, որը գյուղի ամենագեղեցիկ շինությունն էր: Պատմում են, որ շները մեր տանը, հյուրասենյակի կենտրոնում կրակ են արել, որ տաքանան: Մայիսն էր, բայց ցուրտ, անձրեւոտ...
Ղշլաղում, Սարի թաղում, ընտանիքներով թաքնվել էինք՝ ոմանք գոմերում, ոմանք էլ այգիներում՝ քնելով բաց երկնքի տակ: Ապրում էինք գազանների նման: Մի օր հայրս որոշեց, որ ընտանիքով տեղափոխվենք Ղարաքիլիսա, ուր մտածում էր, թե հնարավոր կլինի մի քանի փշուր հաց հայթայթել, չնայած սովին սովորել էինք: Լուսաբացին շարժվեցինք Ղարաքիլիսա, բայց որտեղից-որտեղ մի ասկյար ցցվեց դեմներս: Զենքը պարզեց հորս վրա, բայց ես անմիջապես նետվեցի առաջ, սկսեցի դրա շորերը քաշել, իմ թույլ ու անուժ բռունցներով հարվածել: Անակնկալի էկած էդ շունը ինձ մի կողմ հրեց, ապա հորիցս փող պահանջեց: Լավ իմանալով, որ փողն էլ չի օգնելու, հայրս դրան իր հագուստներից տվեց ու խոստացավ, որ Ղարաքիլիսայից «գանձերը» կվերցնի-կբերի: Չէի հավատում, որ փրկված ենք, ամբողջ մարմնով դողում էի, հորս ոտքերը գրկել ու անձայն արտասվում էի: Հասանք Ղարաքիլիսա, ուր թուրքերի ահից մարդ, շունչ չէր երեւում: Մեզ հաջողվեց անփորձանք հասնել մեր հեռավոր բարեկամի տունը: Դուռը շատ ուշ բացեցին: Մնում էինք մի սենյակում, որը գոմից էլ վատն էր: Արեւի լույսն էլ չէինք տեսնում: Ցերեկը լուռ, մի անկյունում սոված կուչ եկած, գիշերն էլ առանց լույսի ու տագնապով էինք անցկացնում: Ղարաքիլիսայում բոլոր երիտասարդներին կապկպել էին, գյուղից դուրս տարել ու սպանել: Նույնը մեր գյուղում՝ Դարպասում էին արել: Հիշում եմ, դեռ լույսը չբացված ընտանիքներով բարձրանում էինք անտառ, որ ուտելու բան գտնենք: Ով ինչ քաղում էր, էն էլ բերում էր որպես ճաշացու: Մարդկանց եմ տեսել, որ գետնին ընկած խոտ էին ուտում, արածում էին: Ամեն ոտնափոխի անթաղ մեռելներ էին: Թուրքերն աշնանը հեռացան: Կմախքացած ու հազիվ քայլող կենդանի դիակները սկսեցին փնտրել իրենց մեռելներին:
ՆԿԱՐՈՒՄ՝ Մեծ Ղարաքիլիսա

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել