1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մշակում են նախկին խորհրդային պետություններում զորքերի տեղակայման ծրագրեր, ինչը վերջ կդնի Ռուսաստանի հետ համաձայնագրին, որը կնքվել էր սառը պատերազմի ավարտից հետո՝ հայտնում է The Sunday Times-ի թղթակից Բոյան Պանչևսկին:
ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն այդ ծրագրերը Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը, որը նպատակ ունի նախապատրաստելու ծրագիր սեպտեմբերին այդ պետությունների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի համար, գրում է հոդվածագիրը:
Պանչևսկին հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը 1997-ին ստորագրել էին այսպես կոչված «Հիմնարար ակտ փոխհարաբերությունների, համագործակցության և անվտանգության մասին», որի շրջանակում նրանք եկել էին համաձայնության, որ արևմտյան պետությունները Էլբայից արևելք զգալի ռազմական ուժեր չեն տեղակայի:
Սակայն ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնում են, որ այդ համաձայնագիրը վավեր է, եթե իրավիճակը մնում է նախկինը, և երկու կողմերը պահպանոմ են պայմանները: Ամեն ինչ, սակայն, փոխվել է այն ժամանակից ի վեր, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերի մասին նորությունները հայտնվեցին անցած շաբաթ, երբ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեց Չինաստանին բնական գազ վաճառելու մասին: «Դա ընկալվեց որպես լիարժեք արհամարհանքի նշան Արևմուտքի հանդեպ, որը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ»,- նշում է հոդվածագիրը:



