Այս ապշեցուցիչ լուսանկարները պատկերում են արևմտյան չղջիկների, որոնք լռության մեջ իրենց նուրբ թևերը ձգած ու փոքրիկ բերանը բացած սլանում են զոհի հետևից: Այս հրաշալի դետալներով հարուստ լուսանկարների հեղինակը վայրի բնության լուսանկարիչ Մայքլ Դուրհամն է: Լուսանկարներն արվել են ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Դեշյուդս ազգային անտառում: Սրանցում պատկերված է հենց այն պահը, երբ չղջիկները հարձակվում են իրենց զոհերի` գիշերաթիթեռների վրա:

Լուսանկարներից յուրաքանչյուրն արվել է գիշերը` ժամը 11-12-ն ընկած ժամանակահատվածում: 49-ամյա լուսանկարիչը համբերատարորեն սպասել է մինչև արարածների հայտնվելը, որպեսզի նրանց կարողանա ֆիքսել ճիշտ պահին:
Լուսանկարիչն անկեղծացել է, որ սա բավականին բարդ տեխնիկական աշխատանք էր պահանջում, քանի որ չղջիկները սիրում են ամբողջական մթության մեջ թռչել, ու նրանք չափազանց արագ են:
Լուսանկարիչը պատմել է, որ հատուկ դետեկտորներ է օգտագործել, որոնք թույլ են տալիս լսել ուլտրաձայնային ալիքները, այնպես որ, երբ չղջիկները մոտենում են զոհին, ձայներն արագանում են ու վերածվում բզզոցի: Իրականում չղջիկները որոշակի ձայներ արձակում են, սակայն դրանք լսելի չեն մարդկանց ականջներին:

Լուսանկարիչն անկեղծանում է, որ իր համար չղջիկները խորհրդանշում են բնության մեջ այն ամենը, ինչն ուղղակիորեն անտեսանելի է: «Չղջիկները հրաշալի փոքրիկ կենդանիներ են, սակայն գրեթե ոչ ոք նրանց մոտիկից գործողության մեջ չի տեսնում: Այն դեպքում, երբ նրանք այդքան մոտ են ապրում մեզ»:





