«Հունիսի 2-ին լրանալու է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), և ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ չվերցնի դիմումը, Աժ-ն համապատասխան կարգով արձանագրություն կուղարկի ԿԸՀ և օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում նոր պատգամավորը կստանա իր պատգամավորական մանդատը»:
Նշենք, սակայն, որ ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ինչի կապակցությամբ եզդիական հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել Ծառուկյանին ուղղված հայտարարությամբ։
Բայց ԲՀԿ-ի որոշումից պարզվում է, որ Ծառուկյանը լավ էլ հուսախաբ է անում: Ստացվում է, որ ԲՀԿ-ին երբ պետք էր եզդիների ձայները՝ նրանց ներկայացուցչին ցուցակ են ընդգրկել, սակայն հիմա երբ եկել է փոխհատուցելու պահը, մանդատը «հաց տվողին» են տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։