Ես հպարտ չեմ, որ հայ եմ:
Չեմ ընդունում, երբ հպարտանում են իրենց ազգային պատկանելությամբ: Չնայած հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ ինքս էլ փոքր ժամանակ նման կերպ կարող էի արտահայտվել: Բայց բառերը եւ արժեքները սթափ գնահատելու կարողությունը ստիպում է ինձ ընդունել, որ հպարտանալ կարելի է միայն այն բանով, ինչը քեզ տրվել է ոչ թե քեզնից անկախ (ազգային, հաճախ էլ՝ կրոնական պատկանելություն, աչքերի ու մաշկի գույն, տաղանդ, գեներ եւ այլն), այլ ինչին դու ինքդ ես հասել քո կամքով, աշխատանքով, պայքարով, ընտրությամբ: Ընդ որում հպարտանալ կարելի է միայն լավ բաներով: Իսկ եթե ասենք, որ հայ լինելը, կամ քրիստոնյա լինելը, կամ այսինչ մաշկի կամ աչքերի գույն ունենալը լավ է, ապա ո՞րն է «ոչ այնքան լավը» կամ «վատը» (ամեն լավ բան, ի վերջո, համեմատության մեջ է այդպիսին): Օրինակ՝ կանա՞չ աչքեր ունենալն է լավ կամ ավելի լավ, թե սեւը: Ֆրանսիացի՞ լինելն է ավելի լավ, թե գերմանացի: Դա նույնն է ինչ հարցնենք, թե խնձո՞րն է ավելի լավ, թե տանձը (հատուկ շեշտենք, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ընդհանրապես): Իհարկե, անհեթեթ հարցադրում է:
Հենց այդ պատճառով էլ չեմ ընդունում ռասիզմը, ազգայնամոլությունը, ֆաշիզմը, երիտթուրքականությունը: Գաղափարախոսություններ, որոնք անգամ ամենավերջին սրիկային, անբանին կամ տգետին «իրավունք» են վերապահում եւ հնարավորություն տալիս իրենց վեր դասել ինչ-ինչ հատկանիշներով իրենցից տարբերվողներից: Եւ հատկապես զավեշտալի է, երբ նման անհիմն «հպարտությամբ» երբեմն, վստահ եմ՝ անգիտակցաբար, լցվում են որոշ հայեր: Մի իմաստուն ազգի ներկայացուցիչներ, ում մեծերը ասել են «մենք մեզ ոչ ոգուց չենք գերադասում»:
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է կամ չենք կարող ուրախանալ հայ լինելով: Ինչպես երեխան ուրախանում է իր ծնողներով եւ հակառակը, անկախ այն բանից նրանք լավ մարդիկ են թե ոչ: Բայց սա որեւէ դրական կապ չունի պետություն կառուցելու հետ: «Մերն է» դեռ չի նշանակում պարտադիր «լավն է»: Կարծում եմ սա առանցքային եւ ռազմավարական նշանակություն ունեցող դրույթ է մեր պետության հետագա զարգացման համար: Քանի դեռ «մեր» դամբուլներին կամ վերգոներին քարշ ենք տալիս մեր հետեւից, կամ ներքեւից բրթում ենք ամենաբարձր պաշտոնների, քանի որ մեր ընտանիքից, թաղից, կլանից են, մեր խծբ-ն են, ուրեմն արդեն հենց միայն դրանով էլ իբր ուրիշներից ավելի լավն են՝ Հայաստանը որպես պետություն ապագա չի ունենա:
Ուրեմն ես հպարտ չեմ որ հայ եմ: Ես ընդամենը ուրախ եմ հայ լինելու համար: Իսկականից որ, «Ապե հա՞յ ես: Կայֆ ա, չէ՞» ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152161715772199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել