Կարոն հայրենասեր է։ Ավելին` ինքն ու իր նմանները հայրենասիրության մենաշնորհ ունեն։ Իսկ հայրենասիրության մենաշնորհը շաքարի մենաշնորհից հետո ամենաեկամտաբերն է, որովհետև ցանկացած գարշելի միտք ու արարք այսօր հնարավոր է կոծկել ու արդարացնել «հայրենասիրությամբ»։
Կարոն գրանցված է Ֆեյսբուքում։ Նրա ֆեյսբուքյան «քավըր» ֆոտոն շաբաթը մեկ փոխվում է` Մասիսից ու Եռագույնից մինչև Կոմիտաս ու «We remember 1915»։ Կարոյի փրոֆայլ ֆոտոն նույնպես փոխվում է. Կարոն եկեղեցու ֆոնին , Կարոն մոմ վառելիս, Կարոն Մաշտոցի գերեզմանի մոտ։
Կարոն հիշում է իր և ազգի անցյալը. տխրում է Ապրիլի 24-ին ու Դեկտեմբերի 7-ին, հպարտանում` Մայիսի 28-ին ու Սեպտեմբերի 21-ին։ Նա գիտի, թե ինչ ճանապարհ է անցել հայկական գենը և ում մեջ է բարեհաջող և ոչ այնքան տարածվել` Ազնավուրից մինչև Քարդաշյան։ Ի դեպ` Քարդաշյանի հանդեպ Կարոն հակասական զգացմունքներ ունի. մի կողմից` հայ աղջիկը պոռնո տեսարանում է նկարահանվել, մյուս կողմից` Ապրիլի 24-ին ահագին լայքեր է բերում։
Կարոն գիտի` ինչով հպարտանալ և ուրախանալ`Տիգրան Մեծ, առաջին քրիստոնյա պետություն, հոլիվուդյան ֆիլմի տիտրերում հայկական ազգանուն , Ժիրինովսկու ու Սոլովյովի հայամետ գովեստներ, Թիֆլիսի` հայերի կողմից ստեղծած քաղաք լինելը, Գարիկ Մարտիրոսյան, Ազնավուր ու շատ և շատ նման փաստեր ու մարդիկ։
Կարոն ճշմարիտ քրիստոնյա է։ Ճիշտ է` մեկ-մեկ մտքով անցնում է, որ եթե հեթանոս մնայինք, խեղճ չէինք լինի ու 15 թիվը ուրիշ ձև կլիներ, բայց դա պահի տակ։ Իրականում նա ճշմարիտ քրիստոնյա է ու վստահ է դրանում։ Նույնիսկ Քրիստոսը մեկ-մեկ կասկածում էր, բայց ոչ Կարոն։
Դրա հետ մեկտեղ Կարոն ագրեսիվ է։ Նա հոգու խորքում ատում է բոլոր նրանց, ովքեր իր նման չեն։ «Ախր բա ո՞նց կարա մարդ հայրենիքը սիրի, բայց քավըր ֆոտոն Մոնթեինկարը չլինի։ Ո՞նց կարա սիրի, եթե օրը 3 անգամ չի քրֆում թուրքերին։ Ո՞նց կարա հայրենասեր լինի, եթե Ատլետիկոյի ֆուտբոլիստների դոշին գրած ա «Ադրբեջան», իսկ ինքը հենց դրանց կողմից ա։ Ո՞նց կարա վրացիքին տուպոյ չհամարի ու վերևից ներքև չնայի։ Ո՞նց կարա Երևանը սիրի, եթե դժգոհ ա քաղաքապետարանի պուպուշ նախաձեռնություններից։ Ո՞նց կարա հայկական մշակույթի ապագայի մասին մտածի, եթե ջազ ա լսում ու ամերիկյան ֆիլմեր նայում` «Նռան գույնը» աշխարհի լավագույն ֆիլմը չհամարելով։ Չի կարա տենց բան լինի, տենց մարդը հայ չի»։
Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է. յուրաքանչյուրս էլ այսկամ այն պարբերությանը համապատասխանում ենք (եթե ոչ բոլորին միասին), ուղղակիԿարոյի մոտ էս ամեն ինչը մի տեսակ անառողջ է, բայց ինքը չգիտի դրա մասին։
Ու այդպես էլ ապրում է Կարոն` ոչինչ չստեղծելով, իսկ եթե նույնիսկ ստեղծում է, ապա միայն անորակը, որովհետև իր հիմնական շարժիչ ուժը անցյալով ապրելն ու պսեվդոհայրենասիրությունն են, իր անհաջողությունների ու թերացումների արդարացումը` նախորդների հաջողություններն ու տաղանդը։
Ու հիմա էլ` Կարոն կարդում է այս ամենն ու հայհոյում հեղինակին, որովհետև վերջինս, ըստ Կարոյի, ծաղրում է ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ։
P.S. Բոլոր համընկնումները պատահական են։