ArmnewsTV.am-ը գրում է.
Տավուշի մարզի Գոշ գյուղի նախկին գյուղապետն է, արգելոց-թանգարանի հիմնադիրն ու գյուղի ամենապատվավոր մտավորականներից մեկը: 1981-ին կառուցեց-վերջացրեց երկհարկանի առանձնատունը: 1988-ին` երկրաշարժից հետո, ամեն ինչ սկսեց հոսել: Տավուշի մարզի Գոշ գյուղի սողանքից տուժած առաջին տներից մեկը հենց Արծրուն Հովսեփյանինն էր:
15 տարի է անցել, բայց ամեն օր բարձրանում է հին տուն, անցնում սենյակներով: Համբերության բաժակը լցվեց 2012-ին, դիմեցին անձամբ Նախագահին: Հենց նրա անունն էլ Հանրապետական կուսակցության վերջին համագումարի ժամանակ տվեց նախագահ Սարգսյանը:
Արծրուն Հովսեփյանը դիմեց ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ հենց երկրի առաջնորդին ու կուսակցության ղեկավարին: Իր համագյուղացու անունը համագումարի ժամանակ դահլիճից լսեց նաեւ գյուղապետ Գեւորգը:
Գեւորգ Ամիրխանյանը ուրախ է, որ նախագահի մակարդակով լուծվեց իր համագյուղացու խնդիրը, հիմա իրենց հերթին են սպասում մյուս տուժածները: Արծրուն Հովսեփյանի հին տնից նորը մի քանի քայլ է: Նոր տունը նախորդի չափ մեծ չէ, իրերի մեծ մասը չեն տեղավորվում, վթարային տնից չեն տեղափոխել, հարմարություններն էլ պակաս են, իսկ առաստաղը դեռ պետք է նորոգեն, անձրևաջրերի դեմ պայքարի միակ լուծումը դեռ ջրի տարրաներն են:
Արծրուն Հովսեփյանը շնորհակալ է ամենաբարձր մակարդակով ու արագ արձագանքման համար, միայն թե չի հասկանում վթարային տները գնահատելու ու փոխհատուցելու մեխանիզմը: Երկհարկանի տան դիմաց ստացավ երեք փոքր սենյակներով ու ծակ առաստաղով տունը:
Արծրուն Հովսեփյանը դեռ գյուղապետ էր, երբ որոշեց հասկանալ Գոշի սողանքի պատճառը, մասնագետները եկան, հաստատեցին` պատմական հոսող տարածք է: Երկրաշարժից հետո էլ աղբյուրները մնացին հողի տակ ու սողանքն ավելի ուժեղացավ: Նախագահի հետ հաջորդ հանդիպմանը էլ չի սպասելու, Սերժ Սարգսյանի ելույթից հետո որոշել է դիմել կուսակցության մարզային կառույցներին` պարզելու բնակարանների գնահատման ու փոխհատուցման անկատարության պատճառները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



