Հարուկի Մուրակամի

Աշխարհը հսկայական տարածություն է, բայց տարածքը, ուր դու պետք է լինես ու այն այնքան էլ մեծ չէ, հիմա պետք է գտնել: Դու ձայն ես փնտրում, բայց ի՞նչ ես ստանում: Լռություն:
 
 
Խելացի են ճապոնացիները, «խելացի» է նաև ճապոնական գրականությունը: Դե, պոեզիայով հետաքրքրվող մարդիկ անպայման կհիշեն ճապոնական թանկաների ու հոքունների մասին: Դա վաղուց էր, իսկ այսօր խոսելու ենք մեր ժամանակներում ապրող, ստեղծագործող ճապոնացիներից մեկի մասին: Անունը՝ Հարուկի, ազգանունը՝ Մուրակամի:
Մուրակամին մեր ժամանակակիցն է: Արևմուտքի խորհրդավորոթյունից զատ, իր մեջ ունի նաև արևելքի «գործնականության» տարրերը: Երազի ու իրականության միաձուլում կա իր նրա ստեղծած տեքստերում, որն էլ ինձ գրավում է:
Երեք ստեղծագործություն եմ կարդացել Մուրակամիից… Բովանդակությունը շատ-շատ եմ հավանում, ուստի սրան անդրադառնալու ոչինչ չկա: Դե… Որովհետև սովորաբար անդրադառնում ենք մեր անհամաձայնությունը հայտնելու, դժգոհելու համար (հայավարի էլի): Իսկ այ մեթոդները…
Հատ-հատ անդրադառնանք:
Մեթոդ համար մեկ.
Խոսքի մատչելիություն, պարզություն:
Հանճարեղի պարզ ներկայացում: Սրանով կարողանում է իր ստեղծածը հասանելի դարձնել հասարակության գրագետ, կիսագրագետ ու անգրագետ համարվող խավերի համար: Իհարկե, միայն ընթերցողի մասին մտածելով չէ, որ անում է (բոլոր հեղինակներն էլ շատ կարդացվելու ձգտում ունեն), բայց անգամ այդ մտադրությունները խնամքով թաքցվում են ու ներկայացվում ի շահ ընթերցողի: Վատ չէ:
Մեթոդ համար երկու.
Թեմայի ընտրություն, ձեռագիր:
Երեք-չորս տարի առաջ մտածում էի, թե գրական ստեղծագործությունները կարող են լինել.
ա. Սիրային
բ. Ուրիշ
Հետո իմ հետաքրքրասիրությունն ինձ ցույց տվեց, որ դրանք լինում են.
ա. Սիրային
բ. Փիլիսոփայական
գ. Ռեալիստական
դ. Պաոլո Կոելիո
ե. Ուրիշ
Իսկ վերջերս ավելացավ մի «զ»-երորդ կետ. Մուրակամի:
Սա ոչ սիրային է, ոչ փիլիսոփայական, ոչ ռեալիստական, ոչ սյուրռեալիստական… Սակայն իր մեջ ունի բոլորի տարրերից էլ: Եվ եթե ինչ-որ մասնագետներ փորձել են դնել սահմանների մեջ, ապա հաստատ սխալվել են: Մուրակամիի համար մի առանձին անուն է պետք մտածել, նոր գրական ուղղություն ստեղծել:
Իսկ թեմայի մասով. Մուրակամին գրում է ենթադրյալ պարզ երևույթների, իրավիճակների մասին՝ դրանց տակ շերտավորելով իր իրական՝ պարզից շատ հեռու ասելիքը:
Մեթոդ համար երեք.
Կտրուկ անցումներ:
Կարդում-կարդում ես, հետո ինքդ քեզ համար հավաքում, նորից դասավորում տեքստը ու ընդհանուր իմաստը դուրս բերում: Ծեծված, հին մեթոդ է, բայց Մուրակամին սա այնքան վարպետորեն է անում, որ միանգամից հայտնվում է էս մեթոդում պրոֆեսիոնալների իմ կազմած առաջին հնգյակում:
Մեթոդ համար չորս.
Երազ-իրականության (և ոչ միայն) հակադրում, համեմատում, նույնացում:
Սա տեսնում ենք Մուրակամիի «Զոմբին» գրվածքում: Այս մեթոդով կարողանում է ցույց տալ մեր պատկերացրած, մեր ստեղծած սիրուն իրականության ոչ սիրուն կողմը: Երբեմն ոչ այնքան հաճելի արտահայտություններ օգտագործելով կարողանում է ընթերցողին գցել ոչ հաճելի ապրումների մեջ, ավելի պատկերավոր դարձնել սյուժեն: Ու գրագետ, կիսագրագետ ու անգրագետ ընթերցողը ուզած-չուզած կարդալուց հետո մտածում է: Սա, ըստ իս՝ գործի հաջողված լինելու մասին է վկայում:
Մեթոդ համար հինգ.
Շատ-շատ ավելի հանճարեղները կան, որոնք անհայտ են կամ նեղ շրջանակում են հայտնի միակ պատճառով, որ իրենց «ապրանքը» ճիշտ չեն կարողանում տարածել: Ուստի հինգերորդ՝ մեր դարի գլխավոր մեթոդը ստեղծածը ճիշտ տարածելն է: Ինչպես երևում է՝ Մուրակամին սրան էլ է լավ տիրապետում:
Վիկա Մարկոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել