399310607

1in.am-ը գրում է

Որքան էլ տարատեսակ պայմանագրեր ու համաձայնագրեր են ստորագրվում Հայաստանի և նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև, հայ միգրանտների կեցության հարցը Ռուսաստանում էականորեն չի բարելավվում, իսկ արդեն խախտում թույլ տված մեր հայրենակիցները «ներման» չեն արժանանում: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը (180 օր ՌԴ տարածքում մնալ, ապա մեկնել և երեք ամիս անց նորից վերադառնալ) շարունակում է գործել անօրինական միգրանտների համար, և նույնիսկ մեկ օրվա խախտումը ՌԴ մեկնելու արգելք է սահմանում 3 տարի ժամկետով:

Ինչպես նախկինում նշել էր ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը մոտ 50 հազար հայ մարդու մուտքը Ռուսաստան մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում արգելափակված է: Եվս 170 հազար ՀՀ քաղաքացի, գտնվելով ՌԴ-ում, ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելով, հայտնվել է իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում Եգանյանը ընդգծեց, որ հայերին, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, ոչ մի արտոնություն էլ տրամադրված չէ: «Դա ՌԴ ընդունած օրենքն է, որ գործում է բոլորի համար՝ անկախ նրանից Մաքսային միության անդամ են, թե ոչ»,- ասաց Եգանյանը՝ ընդգծելով, որ իրավիճակի փոփոխություն չկա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մշտապես Վոլգոգրադ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացի Ա․ Հակոբյանը պատմեց, որ վերջերս սահմանված ժամկետը 5 օրով խախտելու համար «արժանացել» է ՌԴ մեկնելու 3 տարվա արգելքի:

Հայտնի է, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր հրաժարականից օրեր առաջ մեկնեց Մոսկվա ու Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ այս խնդրին առնչվող համաձայնագիր ստորագրեց:

Արթուր Բաղդասարանի խոսնակին՝ Արթուր Միսակյանին խնդրեցինք մանրամասնել, թե ստորագրված փաստաթղթից ի՞նչ առավելություններ են ստանում հայ միգրանտները Ռուսաստանում:

«Առաջին լրատվական»-ին տրամադրած մեկնաբանությունից պարզեցինք, որ փաստաթուղթը իրենից ներկայացնում է նաև «ճանապարհային քարտեզ», որով ամբողջապես լուծում է տրվելու ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների խնդիրներին: Որպես առաջին քայլ՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի գրանցման համար նախկինում ամրագրված 7 օրվա փոխարեն 30 օր: Երկրորդ քայլով ժամանակ կտրվի ռիսկային գոտում գտնվող ավելի քան 170.000 ՀՀ քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ խախտել են ՌԴ օրենսդրությունը, կանոնակարգել իրենց խնդիրները: Երրորդ քայլով առաջիկայում կմշակվի և կստորագրվի միջկառավարական համաձայնագիր, որով ընդհանրապես կվերացվեն ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների կացության և աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի արգելքները` որպես օրինակ ընդունելով ռուս-բելառուսական համաձայնագիրը: Եվ վերջապես չորրորդ` ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետո ընդհանրապես կվերանա որևէ բարդություն` համաձայն Մաքսային միությունում գործող միգրացիոն կանոնակարգերի:

Մեզ տրամադրած պարզաբանման մեջ նշվում է նաև, որ Միջգերատեսչական աշխատանքային խմբերը կգործեն մինչև «ճանապարհային քարտեզի» լիարժեք կանոնակարգումը:

Ռուսաստանի իրավապաշտպան մեր աղբյուրները փոխանցում են, որ Ուկրաինայի վերջին իրադարձություններից հետո իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է այն առումով, որ Ռուսաստանին հիմա «ձեռք չի տալիս» միգրանտների հարցով ուժեղ ճնշումներ գործադրել ու աղմուկ բարձրացնել: Իրավիճակը, սակայն, նույնն է՝ միայն բաժանմունքներում նախքան միգրանտին ետ ուղարկելը ճնշումների դեպքեր վերջերս չեն գրանցվել:

Օրեր առաջ իր «ճանապարհային քարտեզով» Հայաստան է ժամանել Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդոնովսկին: Վերջինս Ռուսաստան հիմնականում աշխատելու մեկնած հայ միգրանտների վերաբերյալ մի նոր համաձայնագիր է առաջարկում ստորագրել:

Նա նշել է, որ Ռուսաստանում են հիմա գտնվում Հայաստանի մոտ 503 հազար քաղաքացիներ: Ամենից շատ ՀՀ քաղաքացիներ գտնվում են Մոսկվայում, Վլադիկավկազում և Կրասնոդարի մարզում:

Ըստ նրա առաջարկած համաձայնագրի՝ իբրև թե պետք է հեշտացվի Ռուսաստանում հայ միգրանտների կեցության հարցը: Ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ 2013 թվականին և 2014-ի սկզբին որպես երկրորդ քաղաքացիություն՝ Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 4895 քաղաքացի: Այս համատեքստում նա հավելել է, որ միգրացիայի ոլորտում «ճանապարհային քարտեզի» պարտադիր տարրը պետք է դառնա քաղաքացիության հարցի շուրջ համագործակցությունը:

Ասել է թե՝ հայ միգրանտների կեցության հարցը ՌԴ-ն պատրաստ է բարելավել, եթե ՀՀ քաղաքացիները համաձայնեն հեշտացած կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը, և եթե Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ լինի ավելի լավ պայմաններով մեկնել Ռուսաստան, ապա պետք է ստանան ՌԴ քաղաքացիություն՝ բնականաբար հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից:

Երեկ երեկոյան Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ևս հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվող համաձայնագրի արդյունքում հայ միգրատներին Ռուսաստանում որոշակի արտոնություններ կտրվեն:Մասնավորապես հայ միգրանտները Ռուսաստանում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության, իսկ թե ինչ է լինելու արդեն «սև ցուցակում» հայտնված մեր հայրենակիցների հարցը՝ երկու կողմերն էլ չեն նշում, իսկ 3 ամսվա ժամկետը չխախտելը նաև նոր համաձայնագրով մնում է ուժի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել