Քանի որ լրահոսս ամբողջովին լցված է ֆուտբոլային գրառումներով, ցանկանում եմ կիսվել ֆուտբոլասերի իմ փորձով՝ ի դաս մյուս անտարբերների: Ֆուտբոլ սովորաբար չեմ դիտում, բացի Հենրիկից ու Յուրայից, մեկ էլ իմ ընկեր Նարեկ Բեգլարյանից՝ ոչ մի ֆուտբոլիստի անգամ նկարներով չեմ ճանաչում: Մոտ տաս օր առաջ Մոլդովայի մայրաքաղաքում հրավիրեցին դիտելու ֆուտբոլային հանդիպում, կարծես գավաթի եզրափակիչ խաղարկություն էր: Դատելով երկրպագուների, ֆան ակումբների աղմուկից՝ բարձրակարգ ֆուտբոլ էր՝ թմբուկներով, օվացիաներով, բուռն վանկարկումներով: Որպեսի չձանձրանամ՝ ընտրեցի սպիտակ մարզահագուստով թիմին (կարող էր դեղինը լինել, հայի բախտն աշխատեց) և սկսեցի ակտիվորեն երկրպագել, անհաջողության դեպքում աղմկել, հայհոյել: Քիչ անց զգացի, որ ֆաների, աղմկողների և օվացիաներ անողների դավադիր հայացքները դեպի ինձ են ուղղված, աչքերում անթաքույց ագրեսիա կա և ես միայնակ եմ սպիտակներին աջակցելու բուռն գործողություններում: Պարզվեց, որ գտնվում եմ դեղինների մարզադաշտում, ամենուր դեղինների ֆաներն են, իսկ ես նրանց էպիկենտրոնում, հենց նրանց մեջ, հպարտ մենության մեջ երկրպագում եմ սպիտակներին:
Առաջին բանը, իհարկե, որ արեցի՝ ուսուլով մարզադաշտից թռչելն էր: Արժանապատվությունս, իհարկե, թույլ չէր տա կտրուկ ճամբարափոխության՝ սպիտակից դեղինի, սակայն ևս մեկ րոպե հապաղումը կարող էր բերել նրան, որ այսօր այս տողերը չէի գրի
Ի դեպ, ասեմ, որ երեխա ժամանակ բակում բավականին լավ ֆուտբոլ էի խաղում...
Այնպես որ, հարգելի անտարբերներ, որևէ մեկին երկրպագելիս ուշադիր եղեք: Երկրպագում իմացեալ՝ անմահություն է, երկրպագում չիմացեալ՝ անհամություն...