Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ այս հուզիչ եւ պատասխանատու պահի համար, մաղթում եմ, որ դպրոցական վերջին զանգի ղողանջները միշտ ուղեկցեն ձեզ, որտեղ էլ լինեք, ինչ էլ դառնանք, կյանքի հորձանուտում ուր էլ ընկնեք...Վերջին զանգի ղողանջները միշտ հիշեցնելու են մանկության ու պատանեկության բարի օրերը, այն հոգեկան պայծառությունն ու անմիջականությունը, որն ունեք այս պահին, հիշեցնելու են, որ ունեք ընկերներ, ուսուցիչներ, դպրոց եւ դասարան եւ հետո, կյանքում ուր էլ հասնեք, այս հուշերը մնալու են ամենամաքուրն ու ամենահուզիչը, ամենաթրթռունը եւ ամենապայծառը, դպրոցական բոլոր անպատասխան եւ պատասխանված սերերն են ձեզ հուշելու եւ օգնելու հասկանալ հետո պատահելիք բոլոր մյուս սերերի ճիշտն ու սխալը, անկեղծն ու խաբողը ....Դպրոցը լինելու է ձեր կյանքի միակ դատավորը, միակ մեղավորը եւ միակ պահապանը: Շնորհավորում եմ եւ ուզում եմ մի հին հուշ պատմել իմ դպրոցական վերջին զանգից.
Դպրոցի տոնական արարողությունից, երգից ու ասմունքից, ուսուցիչներին ու ինքներս մեզ մի լավ լացացնելուց հետո, մենք մեր դասարանով՝ Երեւանի թիվ 160 դպրոցի 10-ի Գ-ի շրջանավատներս/մենք այդ նորաստեղծ դպրոցի երրորդ շրջանավարտներն էինք/, մեր դասարանի Վարդանենց տանը մի լավ քեֆ արեցինք, հետո գիշերով գնացինք Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի այգի, Պեպոյի արձանն այդ տարի էին տեղադրել, մենք Պեպոյից ամբողջ գիշեր հայտնի բարաթն էինք ուզում ճճճճ, ինքը չէր տալիս, ի վերջո, մեր դասարանի տղաները մի լավ լողացան այգու շատրվանների տակ եւ, երբ մենք թրջված ու երջանիկ տուն հասանք, մեզնից շատերը կարգին ծեծ կերան, գիշերն ուշ գալու եւ մի քիչ խմած լինելու համար....
Ուրախ տոն բոլորիդ եւ քննություններում հաջողություններ եմ մաղթում, , իսկ ամենակարեւորը՝ մաղթում եմ, որ նաեւ ձեր օգնությամբ մեր փոքրիկ ու սիրելի Հայաստանի հանրապետությունը դառնա մեր բոլորի, համայն հայության երազանքների երկիրը եւ, որ բոլոր զանգերը լինեն ուրախության եւ հաջողությունների զանգեր.....գրկում եմ բոլորիդ...
Սիրով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
Նկարում ես եմ, մոտավորապես ձեր այսօրվա տարիքում, ծնողներիս հետ